Yerevan Fashion Week 2024-ի շրջանակում նախատեսվում է «Փարաջանովը եւ նորաձեւությունը» խորագրով ցուցահանդես

16:33   23 փետրվարի, 2024

Նորաձեւության եւ դիզայնի պալատը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ, մայիսին Yerevan Fashion Week 2024-ի շրջանակներում նախաձեռնում է «Փարաջանովը եւ նորաձեւությունը» խորագրով ցուցահանդես, որտեղ Փարաջանովի ստեղծագործությունների կողքին կներկայացվեն հայ դիզայներների աշխատանքները՝ ոգեշնչված մաեստրոյի արվեստով, ասվում է ընկերության ինստագրամյան էջի հաղորդագրության մեջ։ 

Նախաձեռնության նպատակն է դիզայներներին հնարավորություն ընձեռել ուսումասիրելու արվեստագետի թողած հարուստ ժառանգությունը, ներկայացնել թանգարանը եւ հայկական մշակույթը նորաձեւության եւ դիզայնի միջոցով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Fashion & Design Chamber of Armenia NGO (@fdc_armenia)

Մասնակցության համար դիզայներները պետք է ներկայացնեն նախնական մուդբորդ եւ 2-3 էսքիզներ կամ պատրաստի պրոդուկտի լուսանկար՝ ցուցահանդեսին ներկայացվելիք հագուստի, գլխազարդի կամ զարդերի:
Այն դիզայներները, ում էսքիզները կընտրվեն մասնակցության համար, կստանան հնարավորություն վերջնական կերպարը ստեղծելու եւ ներկայացնելու:

Դիմումներն ընդունվում են մինչեւ մարտի 10-ը:

Երեւանի Նորաձեւության Շաբաթը ֆինանսավորվում է GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի կողմից։



© NEWS.am STYLE