Շոն «Դիդի» Քոմբսի նախկին պրոդյուսերը նրան մեղադրել է սեռական ոտնձգության մեջ

14:15   27 փետրվարի, 2024

Ռեփեր Շոն «Դիդի» Քոմբսին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ 54-ամյա երաժշտական ​​մագնատի նախկին պրոդյուսեր եւ օպերատոր Ռոդնի «Լիլ Ռոդ» Ջոնսը հայց է ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան՝ պնդելով, որ Քոմբսը ավելի քան մեկ տարի սեռական ոտնձգությունների է իրեն ենթարկել, թմրանյութեր տվել եւ սպառնացել։

Ջոնսը 30 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում։

Ըստ PEOPLE-ի կողմից ձեռք բերված դատական ​​փաստաթղթերի, Ջոնսը Քոմբսի վերջին՝ Love ալբոմի  9 երգերի պրոդյուսերն է։  

Նրա խոսքով՝ նախագծի վրա աշխատելու ընթացքում նա ռեփերի հետ ապրել է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ նրա հետ հանգստացել է երկրից դուրս։ Ջոնսը պնդում է, որ այդ ընթացքում նա «ականատես է եղել եւ զգացել շատ բաներ, որոնք դուրս էին գալիս իր պրոդյուսերական աշխատանքի շրջանակներից»։

Քոմբսի ավագ որդին՝ Ջասթինը, նրա աշխատակազմի ղեկավար Քրիստինա Հորրամը, Universal Music Group-ի գործադիր տնօրեն սըր Լուսիան Գրեյնջը եւ Motown Records-ի նախկին գործադիր տնօրեն Եթովպիա Հաբտեմարիամը նույնպես որպես մեղադրյալներ են նշվում 73 էջանոց հայցի մեջ:

Ջոնսը պնդում է, որ լինելով նաեւ տեսանկարահանող՝ ստիպված է եղել «անդադար» ձայնագրել Դիդիին։ «Արդյունքում պարոն Ջոնսը ձեռք է բերել 100-ժամյա տեւողությամբ տեսանյութեր եւ ձայնագրություններ, որոնցում Քոմբսը, նրա համախոհներն ու հյուրերը լեւրջ անօրինական գործերով են զբաղված»,-ասվում է դատական ​​փաստաթղթում։

«Պարոն Քոմբսի հետ անցկացրած ժամանակահատվածում պարոն Ջոնսը դարձել է պարոն Քոմբսի կողմից անընդհատ անցանկալի եւ չարտոնված ոտնձգությունների զոհ»,-ասվում է Ջոնսի հայցում:

Նախկին աշխատակիցը նաեւ պնդում է, որ մի պահ իրեն խնդրել են աշխատել Քոմբսի լոգարանում, մինչ երաժիշտը «մերկ էր եւ ցնցուղ էր ընդունում», ինչից Ջոնսն անհարմար է զգացել: Ջոնսը պնդում է, որ ինքն իր մտահոգությունն է հայտնել Հորրամին, իսկ վերջինն ասել է,  «թե դա, պարզապես, ընկերական խաղ է»:

Ջոնսը նաեւ պնդում է, որ 2022 թվականին Գոհաբանության օրը Քոմբսի այն ժամանակվա ընկերուհու՝ Յուն Մայամիի զարմիկը սեռական ոտնձգություն է կատարել իր հանդեպ «միստր Քոմբսի եւ նրա աշխատակիցների ներկայությամբ»։ Ջոնսը պնդում էր, որ Քոմբսը մարմնավաճառների է բերել Մայամիի իր տուն եւ հավելել, որ մի անգամ իրեն ստիպել են թմրանյութ օգտագործել եւ, հնարավոր է, նույնիսկ, բռնաբարել են:



© NEWS.am STYLE