Style Beauty. Խխունջի մուցինը կախարդական միջոց է մաշկի խնամքի համար

20:10   27 փետրվարի, 2024

Խխունջի մուցինը, պարզապես, կախարդական միջոց է մաշկի խնամքի համար: Եվ երբ ես ասում եմ «կախարդական», ես գործնականում չեմ չափազանցնում: Իմ նորմալ մաշկին, որը երբեմն հակված է չորացման, այս ապրանքը համապատասխանում է 100%-ով, եթե ոչ ավելին:

Ի՞նչ է խխունջի մուցինը․

Սա այն լորձն է, որն արտազատում են խխունջները: Բայց մի շտապեք զզվել․ կոսմետոլոգիայում այս լորձը հրաշքներ է գործում։ Խխունջի մուցինը շատ առավելություններ ունի, քանի որ այն պարունակում է հիալուրոնաթթու, որը պաշտպանիչ եւ խոնավեցնող բաղադրիչ է: Բացի այդ, այն ունի խոնավեցնող, հակաօքսիդանտ, հակամանրէային, վերքերը բուժող եւ հակատարիքային հատկություններ։

Բացի այդ, խխունջի մուցինը իր հակամանրէային եւ բուժիչ հատկությունների շնորհիվ օգնում է մաշկը պաշտպանել սեւ կետերից եւ այլ բշտիկներից: Այն կարող է նաեւ օգնել ազատվել սպիներից, որոնք կարող էին առաջացած լինել պզուկների պատճառով:

Անձամբ ինձ, իսկապես, շատ համապատասխանեց կորեական COSRX Advanced Snail 96 Mucin Power Essence արտադրանքը: Երեւանում այն ​​արժե 9000-ից 10990 դրամ։ Ես արդեն գնում եմ իմ չորրորդ փաթեթը:

эсе.jpg (21 KB)

Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ ապրանքը գործում է ճիշտ այնպես, ինչպես նշված է պիտակի վրա՝ նվազագույնի է հասցնում ծակոտիները, պայծառացնում է մաշկը, հիանալի խոնավեցնում, բարձրացնում մաշկի փայլը: Այս էսենցիան ունի թեթեւ բանաձեւ՝ հարստացված պանթենոլով, որն արդյունավետորեն նվազեցնում է կնճիռները, ցաները, սպիները եւ ջրազրկված մաշկը: Ապրանքը պարունակում է 96% խխունջի մուցին:

Ես այն արդեն մոտ մեկ տարի է՝ օգտագործում եմ: Մաշկիս երանգը հավասարվել է, ծակոտիներն իրականում ավելի քիչ նկատելի են դարձել։ Դեմքն, ինքնին, հարթ է եւ փայլուն: Երբեմն, երբ շիճուկներս վերջանում են, ես այս էսենցիան երեք-չորս անգամ քսում եմ դեմքից՝ խոնավացնող քսուքից առաջ: Էֆեկտը զարմանալի է։ Խորհուրդ եմ տալիս օգտագործել նաեւ պիլինգից հետո, նաեւ կարելի է համարձակորեն օգտագործել ռետինոլի հետ։

Չեմ կարող չառանձնացնել նաեւ այս շարքի COSRX Advanced Snail 92 All In One Cream-ի խոնավեցնող քսուքը: Այն արժե 12-14000 դրամ։ Սա «ամենատնտեսող» քսուքն է, որը ես երբեւէ փորձել եմ։

кре.jpg (32 KB)

Նախ՝ այս գումարով դուք կունենաք 100 մլ. քսուք, երկրորդ՝ այն շատ խնայողաբար է օգտագործվում, քանի որ մի փոքր կաթիլը բավական է ամբողջ դեմքի եւ պարանոցի համար։ COSRX Advanced Snail 92 All In One Cream-ը պարունակում է հանգստացնող բաղադրիչների համադրություն, որոնք բնականորեն բարելավում են մաշկի առողջ փայլը: Այն խթանում է բջիջների շրջանառությունը՝ նպաստելով մաշկի կառուցվածքի բարելավմանը եւ ավելի ամուր դարձնում այն՝ տալով ավելի երիտասարդ տեսք: Չնայած «կպչուն» կառուցվածքին՝ կրեմն ինքնին արագ ներծծվող է, դեմքին կպչուն զգացողություն չի թողնում եւ հիանալիորեն տեղավորվում է տոնային հիմքի տակ։

Ձեր՝ Լ.Վ.



© NEWS.am STYLE