Քրիս Ջենները պատասխանել է «հեյթերներին»

14:19   28 փետրվարի, 2024

Իրեն «Տարվա կին» անվանած Los Angeles Magazine-ի հետ զրույցում Քրիս Ջենները պատասխանել է իրեն ատողներին, ինչպես նաեւ կատակել է իր մասին արված տեսանյութերի եւ երգերի վերաբերյալ:

Խոսելով առցանց «հեյթերների» մասին՝ նա նշել է, որ «ցավալի է, բայց կան շատ մարդիկ, ովքեր զգում են, որ պետք է իրենց կարծիքն արտահայտեն ուրիշի մասին, եւ հաճախ դա դաժան է։ Դա ազդում է մարդկանց հոգեկան առողջության վրա»:

«Ես չեմ կարող պատկերացնել, որ հրապարակայնորեն արտահայտեմ իմ կարծիքը ինչ-որ մեկի մասին՝ իմանալով, որ դա կվնասի նրա զգացմունքներին: Ես չգիտեմ, թե ինչպես եւ որտեղից է դա եկել․ շատ դեպքերում դրանք դժբախտ մարդիկ են, ովքեր դժգոհ են իրենց կյանքից: Ամոթ է, որ մեր հասարակությունը հասել է դրան»,-ասել է նա՝ հավելելով․ «Լավ է այն, որ ես չեմ կարդում մեկնաբանությունները։ Մեծ մասամբ ես ուշադրություն չեմ դարձնում դրանց, քանի որ չափազանց զբաղված եմ»:

Los Angeles Magazine-ին տված հարցազրույցի ժամանակ Քրիսը նաեւ արձագանքել է սոցիալական ցանցերում իր եւ իր ընտանիքի մասին հիշատակումներին: Մասնավորապես՝ Instagram-ում եւ TikTok-ում Քարդաշյանների նմանակումներով հայտնի ինֆլյուենսեր Յուրի Լամասբելլայի պատրաստած տեսանյութերի մասին։

«Ես կցանկանայի լինել նրա մենեջերը, քանի որ ուզում եմ, որ նա շատ փող աշխատի այն ամենի համար, ինչ անում է: Նա հրաշալի է»,-նշել է Քրիսը:

Քրիսի անունն այս տարիների ընթացքում նաեւ հայտնվել է բազմաթիվ երգերում, իսկ վերջին անգամ հնչել է Մեգան Թի Սփիլիոնի Hiss երգում, որը թողարկվել է այս տարվա սկզբին:

Այլ արտիստներ նույնպես օգտագործել են աստղի անունը երգերում, ինչպես օրինակ՝ Դրեյքը՝ 2016 թվականի 4pm In Calabasas թրեքում:

«Ես չգիտեմ, թե ինչպես եմ հայտնվել այդ բոլոր ստեղծագործություններում»,-կատակել է նա:

«Կախված բառերից՝ դրանք բավականին շոյող են։ Կարծում եմ՝ թոռներս ինչքան մեծանում են, այնքան հաճույք են ստանում դրանից, այնպես որ, գոնե դա ինձ 10%-ով զիլ է դարձնում որպես տատիկ»:



© NEWS.am STYLE