Ասիայի ամենահարուստ մարդը պատրաստվում է կրտսեր որդու հարսանիքին. նախահարսանեկան տոնակատարությունները կտեւեն 3 օր

19:35   28 փետրվարի, 2024

Ասիայի ամենահարուստ մարդը` Մուկեշ Ամբանին, պատրաստվում է կարեւոր իրադարձության՝ իր կրտսեր որդու՝ Անանտ Ամբանիի նախահարսանեկան տոնակատարությանը:

Ամբանին, որի կարողությունը կազմում է 113 միլիարդ դոլար եւ որը գլխավորում է Reliance Industries-ը, ունի աշխարհի ամենամեծ նավթավերամշակման համալիրը, որը գտնվում է Հնդկաստանի Ջամնագար նահանգում:

Նախահարսանեկան տոնակատարությունները կսկսվեն մարտի 1-ին Ջամնագարում, իսկ բուն հարսանիքը նախատեսված է հուլիսին: Հուլիսի 12-ին Ամբանիի ամենաերիտասարդ ժառանգն ամուսնանալու է  Encore Healthcare հայտնի դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն եւ փոխնախագահ Վիրեն Մերչանտի դստեր՝ Ռադհիկա Մերչանտի հետ:

Ինչպես Ամբանի ընտանիքի բոլոր հարսանիքներն ու արարողությունները, այդպես էլ այս միջոցառումը կլինի շքեղ, գունեղ եւ շռայլ: Պարզապես նայեք հյուրերի ցանկին: Ոչ բոլորը կկարողանան մեկ հարկի տակ բերել այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, BlackRock-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինքը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը, Bank of America-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Բրայան Թոմաս Մոյնիհանը։

Նրանց կմիանան նաեւ գերաստղեր՝ Ռիհաննան եւ հրաշագործ Դեւիդ Բլեյնը, երեկոն իսկապես անմոռանալի դարձնելու համար:

Անզուգական հյուրընկալությամբ հայտնի Ամբանի ընտանիքը Ջամնագարը վերածել է շքեղության դրախտի:

Լավագույն հարմարություններով գերշքեղ վրաններից մինչեւ հինգ աստղանի լիարժեք հանգստավայրեր՝ նրանք ամեն ինչ արել են, որպեսզի բարձրակարգ հյուրերն իրենց հարմարավետ զգան: Հյուրընկալության մեջ նաեւ ներառված են չարտերային թռիչքներ՝ հյուրերին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիից եւ Մումբայից Ջամնագար տեղափոխելու եւ եռօրյա միջոցառմանը վերադարձնելու համար:

Յուրաքանչյուր օր ունի իր յուրահատուկ թեման եւ տպավորությունը, որի համար բոլոր հյուրերին կտրամադրվեն անհատական ​ծառայություններ: Բիզնես մագնատները, մարզիկներն ու  բոլիվուդյան հայտնի աստղերը կմասնակցեն եռօրյա խրախճանքին, որը կներկայացնի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Երեկո Էվերլենդում», «Զբոսանք վայրի բնության մեջ» եւ «Մելա Ռուժ»:



© NEWS.am STYLE