Christie's-ը գաղտնի աճուրդում վաճառել է Մարկ Ռոթկոյի նկարն ավելի քան 100 միլիոն դոլարով

21:20   1 մարտի, 2024

Christie's աճուրդի տունը գաղտնի աճուրդում ավելի քան 100 մլն դոլարով վաճառել է Մարկ Ռոտկոյի նկարը։

CNBC-ին տված հարցազրույցում Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ Christie's աճուրդի տունը նկարը վաճառել է հունվարին մասնավոր վաճառքում «ավելի քան 100 միլիոն դոլարով»: Սակայն աճուրդի տունը հրաժարվել է մանրամասներ հաղորդել։

Գործարքին ծանոթ արվեստի դիլերները CNBC-ին պատմել են, որ նկարը Մարկ Ռոթկոյի «Թիվ 6 (մանուշակագույն, կանաչ և կարմիր)» կտավն է, որը ստեղծվել է 1951 թվականին։ Այն վաճառել է ռուս միլիարդատեր և կոլեկցիոներ Դմիտրի Ռիբոլովլևը, ով նկարը գնել է 140 միլիոն եվրոյով 2014 թվականին։

Այն ձեռք է բերել հեջ-ֆոնդի միլիարդատեր և Citadel-ի գործադիր տնօրեն Քենեթ Գրիֆինը: Արվեստի խոշոր կոլեկցիոներ Գրիֆինը հրաժարվել է մեկնաբանություններից:

Վաճառքի առեղծվածային բնույթը՝ քիչ հրապարակային մանրամասներով, ընդգծում է վերջին տարիներին մասնավոր վաճառքների արագ աճն՝ աճուրդային աշխարհի քիչ նկատելի ու գաղտնի մի անկյուն:

Մասնավոր վաճառքի դեպքում աշխատանքը հնարավոր վաճառքի է ներկայացվում աճուրդի տան, որը դիմում  է իր առաջատար հաճախորդներին և գործարքի մեջ հանդես է գալիս որպես միջնորդ։ Մասնավոր վաճառքներն աճել են Covid-19 համաճարակից, քանի որ ավելի ու ավելի շատ կոլեկցիոներներ ընտրում են գաղտնի գործարքները՝ հանրության աչքից հեռու:

Անցյալ տարի Christie's-ի մասնավոր վաճառքները կազմել են 1,2 միլիարդ դոլար, ինչը 49%-ով գերազանցում է մինչ համաճարակային մակարդակը: Sotheby's աճուրդի տունը հայտնել է 1,2 միլիարդ դոլարի մասնավոր վաճառքի մասին՝ 2022 թվականի 1,1 միլիարդ դոլարի դիմաց:



© NEWS.am STYLE