Իսրայելը կփոխի Եվրատեսիլյան երգի բառերը

15:05   4 մարտի, 2024

Իսրայելական KAN հեռուստաընկերությունը հայտարարել է «Եվրատեսիլ 2024»-ի համար ներկայացրած «October Rain» երգի տեքստի փոփոխության մասին, գրում է dw.com-ը։

Իսրայելի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) փետրվարի կեսերին «October Rain» երգի բառերը դասակարգել է որպես «բացահայտ քաղաքական հայտարարություններ պարունակող», ինչն արգելված է մրցույթի կանոններով։ Երգը պարունակում է այնպիսի տողեր, ինչպիսիք են «Ես դեռ թաց եմ հոկտեմբերի անձրեւից» եւ «Նրանք բոլորը լավ երեխաներ էին, նրանցից յուրաքանչյուրը», որոնք, ինչպես ենթադրվում է, նկարագրում են ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:

Ըստ իսրայելական YNET պորտալի՝ տեղական հեռարձակողը որպես մրցույթի այլընտրանք առաջարկել էր «Dance Forever» երգը, որը Իսրայելում մրցույթի նախընտրական փուլի ժամանակ երկրորդ տեղն էր զբաղեցրել, սակայն ԵՀՄ-ն մերժել է այդ տարբերակը։

KAN-ը հայտարարել էր, որ չի փոխի «October Rain» երգի բառերը՝ ընդունելով հնարավոր որակազրկման ռիսկերը։ Այնուամենայնիվ, նոր հայտարարության մեջ հեռարձակողը նշել է, որ վերանայել է իր որոշումը՝ ընդունելով Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի դիրքորոշումը, ըստ որի՝ «այն ժամանակ, երբ մեզ ատողները փորձում են մեզ հեռացնել եւ բոյկոտել», Իսրայելը պետք է. «բարձրացնի իր դրոշը համաշխարհային հարթակներում»։

Ինչպես հայտնում է KAN-ը, երգը կստանա նոր անվանում՝ «Hurricane»: Երաժշտությունը կմնա նույնը, բայց բառերը կխմբագրվեն եւ կպատմեն «անձնական ճգնաժամի միջով անցնող երիտասարդ կնոջ» մասին։



© NEWS.am STYLE