Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը՝ Hulu-ի եւ FX-ի Shōgun պատմական դրամայի առանցքային դերում

11:25   6 մարտի, 2024

Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը (Հարիսոն Կոսմո Կրիկորյան Ջարվիս), նկարահանվում է Hulu-ի եւ FX-ի Shōgun պատմական սերիալում, հայտնում է Armenian Film Society-ն։

Կոսմո Ջարվիսը երաժիշտ եւ դերասան է, որը ծնվել է Նյու Ջերսիում: Մայրը հայ է, հայրը՝ անգլիացի:

Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել մի շարք հայտնի նախագծերում՝ Peaky Blinders, Raised By Wolves, Lady Macbeth, Calm with Horses, Persuasion ֆիլմերում։ Ե՛վ 2017, եւ՛ 2020 թվականներին նա British Independent Film Awards-ի կողմից առաջադրվել է «Ամենախոստումնալից նորեկ» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերում:

CRUSHfanzine-ի հետ հարցազրույցում նրան հարցրել են իր հայկական արմատների մասին. «Իմ պապերն ու տատիկները հայ գաղթականներ են եղել... Ինձ համար զարմանալի է, որ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը դեռեւս չի ճանաչվել որոշ ազգերի կողմից: Ինձ դա մեծ պատկերացում է տալիս մարդկանց   իրական առաջնահերթությունների մասին. որոշ ցեղասպանություններ եւ ողբերգություններ կարող են բացահայտորեն անտեսվել, մինչդեռ մյուսները դառնում են փոփ մշակույթի եւ հասարակության հիմնական թեմաները»,-ասել է դերասանը:

Shōgun պատմում է «տարբեր աշխարհներից երկու հավակնոտ տղամարդկանց եւ խորհրդավոր կին սամուրայի բախման մասին»:

Սերիալի առաջին երկու դրվագների պրեմիերան կայացել է 2024 թվականի փետրվարի 27-ին: Առաջիկա 10 դրվագաները  կթողարկվեն ամեն շաբաթ։



© NEWS.am STYLE