Սքոթի Թոմփսոնը, Դեյվիդ Քյոխները, Ջիլիան Ուայթը, Իսայա Վաշինգտոնը՝ Փրինս Բաղդասարյանի առաջիկա կատակերգության գլխավոր դերերում

13:32   6 մարտի, 2024

Սքոթի Թոմփսոնը, Դեյվիդ Քյոխները, Ջիլիան Ուայթը եւ Իսայա Վաշինգտոնն այս շրջանում նկարահանվում են ամերիկահայ գրող-ռեժիսոր Փրինս Բաղդասարյանի՝ Սուրբ Ծննդյան «Dashing Through The Snow» կատակերգությունում, հայտնում է Deadline-ը:

Ֆիլմում նկարահանվում են նաեւ Հանթեր Այվսը, Ջեյմս Դի Ջակոմոն եւ սոցիալական ցանցերից հայտնի Նիկ Անտոնյանը։

Կատակերգության գործողությունները տեղի են ունենում Սուրբ Ծննդյան նախօրեին՝ մի տնակում։ ԱՄՆ Մարշալ Ջոն (Սքոթի Թոմփսոն) պաշտպանում է հղի փախստականին (Ջիլիան Ուայթ) հանցագործից (Հանթեր Այվս) եւ մարդասպան Սանտայից (Դեյվիդ Քյոխներ) ու նրա էլֆերի խմբից։

«Ես ցանկանում եմ ստեղծել մութ կատակերգության եւ էքշնի յուրահատուկ միաձուլում՝ հանդիսատեսին ընկղմելով ձյունառատ Սուրբ Ծննդյան եւ  անսպասելի շրջադարձերով լի արկածների մեջ: Ես ոգեւորված եմ, քանի որ աշխատում եմ բացառիկ տաղանդավոր դերասանական կազմի հետ: Ֆիլմը դիտողին կառաջարկի զվարճալի փախուստ դեպի մի աշխարհ, որտեղ տոնական ոգին անսպասելի շրջադարձեր է ստանում»,-նշել է Փրինս Բաղդասարյանը:

Բաղդասարյանի վերջին ֆիլմը «Առեւանգվածն» էր, որի պրեմիերան կայացել է «Սեդոնա» միջազգային կինոփառատոնում եւ թողարկվել Showtime-ում։



© NEWS.am STYLE