«Մոխրագույնի 50 երանգների» աստղ Դակոտա Ջոնսոնը եւ Coldplay-ի վոկալիստ Քրիս Մարտինը նշանվել են

17:33   7 մարտի, 2024

Քրիս Մարտինն ու Դակոտա Ջոնսոնը, վեց տարվա համատեղ կյանքից հետո, պատրաստվում են ամուսնանալ, հայտնում է Mirror.co.uk-ը։

Coldplay-ի 47-ամյա աստղը հոլիվուդյան դերասանուհուն ամուսնության առաջարկություն է արել եւ ստացել իր նախկին կնոջ՝ Գվինեթ Փելթրոուի եւ իրենց երեխաների՝ Էփլի ու Մոզեսի լիակատար օրհնությունը:

Աղբյուրը պատմել է. «Օրերս զույգը նշանվել է, սակայն գաղտնի է պահել այդ լուրը: Բայց հիմա այդ մասին նրանք խոսում են իրենց շրջապատում։ Նրանք առաջին իսկ օրվանից հմայված էին միմյանցով, ուստի այս հաջորդ քայլն անխուսափելի էր: Նրանք չեն շտապում ծրագրել հարսանիքը, այլ, պարզապես, վայելում են իրենց հարաբերությունների այս փուլը»։

«Մոխրագույնի հիսուն երանգների» աստղին անցած տարվա հոկտեմբերին՝ իր ծննդյան 34-ամյակին, տեսել էին զմրուխտե քարով մատանիով, որը նա կրում էր ամուսնական մատին: Նրանց նշանադրության մասին լուրը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ աստղը, ով հազվադեպ է խոսում անձնականի մասին, հարցազրույցներից մեկում պատմեց ընտանիք կազմելու մասին՝ խոստովանելով, որ «իսկապես ցանկանում է զգալ մայրության բերկրանքը»:

Դակոտան եւ Քրիսը սկսել են հանդիպել 2017 թվականից։

Լուսանկարները՝ Amanda Edwards/Getty Images, Cover Media



© NEWS.am STYLE