Տղայի վրա կրակել են մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ

18:46   14 նոյեմբերի, 2012

Մեքսիկայում «Ռալֆ» մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանել են մի փոքրիկ տղայի։ The Global Post կայքը հայտնում է, որ մութ կինոդահլիճում մարդասպանին ոչ ոք չի տեսել, նույնիսկ կրակոցի ձայն ոչ ոք չի լսել։ Երեխայի հոր խոսքով, նրա կողքին նստած լինելով, նա ականջի մոտ բզզոց է լսել է, իսկ հետո, նայելով որդուն, տեսել է, թե ինչպե է նա ցնցվում։ 

Սակայն դատաբժշկական փորձագետներն ու կրիմինալիստները հայտարարել են, որ տղային ուղիղ դիմացից են կրակել՝ 1,2-1,8 մետրից։

10-ամյա Հենդրիք Կուակուասան վիրավորվել է գլխից։ Նա մահացել է նոյեմբերի 4-ին, բայց կատարվածի մասին լուրը միայն հիմա է տարածվել։ Բանն այն է, որ Cinepolis կինոընկերությունը լռել է՝ չցանկանալով վտանգել «Ռալֆի» հաջողությունը։

Կինոստուդիայի նման քաղաքականությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել։ « Cinepolis-ի աշխատակիցներն ամոթ չունեն։ Ես այլեւ երբեք չեմ գնա նրանց ցուցադրումներին», - ասել է Թվիթերի օգտատերերից մեկը։

Բայցեւայնպես, Cinepolis ընկերությունը նոյեմբերի 13-ին հայտարարել է, որ սպանված երեխայի ընտանիքին փոխհատուցում կվճարի։ Ինչպես հայտարարել է ընկերության նախագահ Ալեխանդրո Ռամիրեն, Cinepolis – ը կփակի բուժման եւ թաղման, ինչպես նաեւ իրավաբանական օգնության ծախսերը։



© NEWS.am STYLE