Լեւոն Մալխասյանը՝ իր մասին նոր ֆիլմի, առաջիկա համերգի ու 13 օրից ավել Երեւանից չբացակայելու մասին

18:48   12 մարտի, 2024

Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 16-ին, ժամը՝ 19:00-ին, տեղի կունենա «Մալխաս Ջան/զ» խորագրով համերգային երեկո՝ նվիրված լեգենդար ջազմեն Լեւոն Մալխասյանին: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը կվայելի «Մալխաս ջազ տրիո» բենդի (Նիկողայոս Վարդանյան՝ կոնտրաբաս, Արամո՝ հարվածային գործիքներ) կատարումները, այս ամենը՝ իհարկե Լեւոն Մալխասյանի գլխավորությամբ: Համերգին ելույթ կունենան նաեւ հատուկ հյուրեր՝ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Գրիգորյանը, Գարիկ Սարիբեկյանը եւ Խաչիկ Սահակյանը:

Մինչ համերգային ծրագիրը կցուցադրվի 30 րոպեանոց վավերագրական ֆիլմ՝ «Կյանքը ջազում», որը լեգենդար ջազմենի անցած ճանապարհի ու ներկայիս խոհերի մասին է:

IMG_2835.jpeg (3.11 MB)

«Չէինք ուզում եզրափակվել ֆիլմի ցուցարումով, որը տեւելու է ընդամենը 30 րոպե, դրա համար նախաձեռնեցինք համերգը, քանի որ հանդիսատեսի արձագանքը բուռն ու հագեցած է լինելու»,-այսօր՝ մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Լեւոն Մալխասյանը:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Մեսրոպ Մովսեսյանը եւ Ռուզաննա Մկրտչյանը, գլխավոր օպերատոր եւ ռեժիսոր՝ Վահագն Տեր-Հակոբյան:

Հեղինակները նշում են՝ ֆիլմն իր ոճով մոնոլոգ է՝ Լեւոն Մալխասյանի մոնոլոգը՝ իր կյանքի ու զգացողությունների մասին, որտեղ զգալի մաս է հատկացված Երեւանին՝ երաժշտի ամենասիրելի քաղաքին, որի հետ ասոցացվում է նա, եւ որն էլ իր հերթին ասոցացվում է  հենց Մալխասի հետ:

Չնայած հագեցած շրջագայություններին, արտերկրի երաժիշտների հետ համագործակցություններին ու արտասահմանում աշխատելու առաջարկներին՝ Մալխասյանը նշում է՝ «13 օրից ավել ոչ մի տեղ չեմ կարողանում մնալ, ուզում եմ վերադառնալ Հայաստան»,-ու այդպես էլ անում է: Ասում է՝ կյանքում երկու շաբաթից ավել Երեւանից բացակայած չկա:

Բայց ֆիլմի մյուս հետաքրքիր պատմությունները չի բացահայտում. հանդիսատեսը կտեսնի արդեն մեծ էկրանին:

Երեկոյի կազմակերպիչը New Generation Project-ն է. գաղափարի հեղինակ եւ հիմնադիր՝ երաժիշտ, արվեստագիտության թեկնածու Շմավոն Գրիգորյանն է:

New Generation-ը նպատակ ունի էլ ավելի գունեղ եւ ակտիվ դարձնել Հայաստանի մշակութային կյանքը՝ կազմակերպելով չկրկնվող եւ ինքնատիպ համերգներ:



© NEWS.am STYLE