Bumble-ը վերիմաստավորում է առաջին քայլ անող կանանց հայեցակարգը

21:26   14 մարտի, 2024

2014թ. ստեղծվելու պահից ծանոթությունների Bumble հավելվածի «մեխն» այն էր, որ օգտատեր կանայք «կատարեն առաջին քայլը». դա նշանակում է, որ միայն օգտատեր կանայք կարող են առաջինը հաղորդագրություն ուղարկել տղամարդկանց, ընդ որում՝ համընկնումից հետո 24 ժամվա ընթացքում։ Սակայն ժամանակի ընթացքում այդ հայեցակարգը փոքր-ինչ փոխվել է։

Bumble-ի նոր գլխավոր տնօրեն Լիդիան Ջոնսը Fortune-ին պատմել է, որ վերանայում է այս հայեցակարգը։

Նրա խոսքով՝ «առաջին քայլ անող» կանայք «մեր այցեքարտն են, բայց այսօր դա բեռ է թվում մեր հաճախորդների մի մասի համար»։

Այժմ Bumble-ը թեստավորում է վերագործարկման տարբերակն այս տարի ավելի ուշ։ Fortune-ի տվյալներով՝ տարբերակներից մեկը կանանց արհեստական բանականության կողմից նախապես գրված հաղորդագրություններ տրամադրելն է։ Այս տարբերակը արդեն կա Bumble for Friends-ում՝ Bumble-ի պլատոնական տարբերակում։ Մյուս տարբերակը տղամարդկանց առաջին հաղորդագրություն ուղարկելու թույլտվությունն է։

Եթե Bumble-ը հրաժարվի «առաջին քայլերն անող» կանանց հայեցակարգից, դա կտրուկ փոփոխություն կլինի հավելվածի համար, բայց որոշ օգտատերեր կարող են դա թեթեւացում համարել։



© NEWS.am STYLE