Նկարչուհի Ֆրիդա Կալոյի անձնական նամակներն օգտագործվել են նրա կյանքի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմում

16:27   15 մարտի, 2024

Նկարչուհի Ֆրիդա Կալոյի անձնական գրառումներն օգտագործվում են «Ֆրիդա» նոր վավերագրական ֆիլմում նրա կյանքի պատմությունը պատմելու համար։ Ռեժիսոր Կառլա Գուտիերեսը համատեղում է առաջին դեմքի շարադրանքը արխիվային կադրերի եւ Կալոյի ստեղծագործությունները  մեկնաբանող անիմացիայի հետ:

Գուտիերեսը ծնվել է Պերուում եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվել  է դեռահասության տարիներին: Նա հիշում է, որ առաջին անգամն Կալոյի նկարներին ծանոթացել է քոլեջում:

«Ես ներգաղթյալ էի, երբ տեսա մի նկար, որն ինձ, իսկապես, ներկայացրեց նրան՝ որպես նկարչուհու, որը գտնվում էր Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի սահմանների միջեւ»,-Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Գուտիերեսը,- «Ես տեսա, որ իմ այն ​​ժամանակվա փորձը արտացոլված էր այդ նկարում։ Հետո նա, ուղղակի, դարձավ իմ կյանքի մի մասը»։

Գուտիերեսի խոսքով՝ Կալոն շատ հարցազրույցներ չի տվել, բայց շատ մտերմիկ ու անձնական նամակներ է գրել։ Նա զարմացնում էր իր հումորի զգացումով, սարկազմով ու հեգնանքով եւ «շատ անկեղծ էր իր կարծիքն արտահայտելիս»։

Նկարահանող խումբը ստիպված է եղել փնտրել մի քանի տարբեր թանգարաններ՝ գտնելու այն նամակները, որոնք կարող էին ներկայացնել նրա ամբողջական պատկերը:

Ամենամեծ ստեղծագործական որոշումներից մեկը Կալոյի արվեստը վերակենդանացնելն էր, ինչը որոշ հակասություններ առաջացրեց այս տարվա սկզբին՝ «Սանդենս» կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից հետո: Բայց դա ֆիլմի ամենավաղ փուլերի տեսլականի միայն մի մասն էր: Գուտիերեսի խոսքով՝ հույս ունի հանդիսատեսին իրական աշխարհից դեպի նրա ներաշխարհ տեղափոխել:

«Ես միշտ մտածել եմ նրա սրտի եւ երակների մասին, որոնք նրա ձեռքերից, պարզապես, հոսում են կտավի վրա», - ասում է նա,-«Մենք ցանկանում էինք հարգանքի տուրք մատուցել նրա նկարներին, բայց լիրիկական անիմացիա բերեցինք, որպեսզի կարողանայինք խորտակվել նրա իրական զգացմունքների եւ սրտի մեջ»:



© NEWS.am STYLE