«Անդադար փորձում էի հիշել նմանատիպ կանանց, ովքեր եւս շատ են». Ռոզի Ավետիսովան՝ «Բարի օր» ֆիլմում Տաթեւի դերի մասին

19:25   16 մարտի, 2024

Փետրվարի 29-ից մեծ էկրաններ բարձրացած «Բարի օր» ֆիլմը վերջին օրերին դարձել է ամենամասսայականներից, ինչի մասին, թերեւս, փաստում են հատուկ ավելացված սեանսները եւ sold out-ները: Մհեր Մխիթարյանի ստեղծած տաքսիստ Հենդոյի կերպարն ապացուցեց, որ այն, իսկապես, երկրպագուներ ունի, որոնք սպասում էին իրենց սիրելի հերոսի մասնակցությամբ լիամետրաժ ֆիլմի ցուցադրմանը: Ի տարբերություն նրանց՝ ֆիլմի գլխավոր դերակատարներից Ռոզի Ավետիսովան, ով մարմնավորում է Հենդոյի կնոջը, չգիտեր այս կերպարին.

«Նախքան քասթինգը չեմ իմացել Հենդոյին, չէի դիտել ոչինչ: Երբ հաստատվել էր, որ հենց ես եմ մարմնավորելու Տաթեւին, արդեն ծանոթացա Հենդոյի հետ: Իսկապես Մհերն այդ կերպարը ստացել է շատ իրատեսական, առանց որեւէ գռոտեսկի, ամեն բան շատ դիպուկ է արել ու շատ բնական: Իսկապես մենք հաճախ ենք հանդիպում մեր իրականությունում տաքսիստ հենդոների: Հուսամ՝ նրանք եւս կդիտեն մեր ֆիլմը: Ինչ վերաբերում է Մհերին, ապա նշեմ, որ շատ լավ խաղընկեր է, գերպատասխանատվությամբ էր մոտենում այն ամենին, ինչ կատարում էր նկարահանման հրապարակում: Միաժամանակ, նրա հետ շատ հեշտ էր աշխատելը, չէր բարդացնում ոչինչ: Հրաշալի նկարահանման օրեր ենք ունեցել, Մհերն էլ հաջողել է, ինչի համար շատ ուրախ եմ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Ռոզի Ավետիսովան:

IMG_2917.jpeg (933 KB)

Դերասանուհին պատմեց, թե ինչպես է ստացել իր կերպարը.

«Այս կերպարը ստեղծելիս՝ շատ երկար մտորումներ ունեի, պետք էր ստանալ մի հերոսուհի, ով ինձնից շատ տարբեր է: Մի  կերպար, որին շատերս ենք հանդիպում, բայց, միաժամանակ, չպետք է լիներ ձանձրալի, շատ կենցաղային: Այդ ամենը համադրելը բավական բարդ էր, բայց ես անդադար փորձում էի հիշել նմանատիպ կանանց, ովքեր եւս շատ են: Այդպես եմ փորձել ստանալ իմ Տաթեւին: Կերպարի հաջողելու մասին կասի հանդիսատեսը: Երբ ֆիլմը բարձրացավ էկրաններ, տպավորություններս շատ մեծ էին, անհանգստություններս էլ փարատվեցին: Մեծ բավականությամբ եմ դիտել»:

Ռոզի Ավետիսովայի խոսքով՝ ֆիլմի՝ այսքան մեծ հաջողությունը շատ իրական լինելով է նաեւ պայմանավորված.

«Ֆիլմը թեպետ ունի ֆանտաստիկային բնորոշ գիծ (օրը կրկնվելու փաստը), բայց այն շատ իրական է ստացվել, չկա կեղծիք, կարծում եմ՝ դա էլ այս մեծ հաջողության գրավականն է: Մարդկանց սրտին դիպչող ֆիլմ է ստացվել, ինչպես նաեւ՝ այն շատ զվարճալի է: Չնայած ժամանցային լինելուն՝ կարեւոր թեմաների ենք անդրադարձել: Լիարժեք ընտանեկան ֆիլմ է, քանի որ ֆիլմի մեխերից մեկն էլ հենց ընտանիքի գաղափարն է: Մենք փորձել են շեշտել՝ ինչպես պետք է վարվել ընտանիքում՝ այդ ամենը համեմելով լավ հումորով: Իսապես խորհուրդ եմ տալիս անպայման դիտել «Բարի օրը»:

IMG_2918.jpeg (916 KB)

«Բարի օր» ֆիլմի գլխավոր հերոսը՝ տաքսիստ Հենդոն, տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14-ին, իսկ օրն ու իրադարձությունները տեւական ժամանակ չեն փոխվում։ 

Ֆիլմի ռեժիսորները Գրիգոր Գասպարյանը եւ Արման Սարգսյանն են: Գլխավոր դերակատարներն են Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը: Ֆիլմում էպիզոդիկ դերերում կարելի է հանդիպել Գարիկ Մարտիրոսյանին, Մենչին, Արկադի Դումիկյանին, Իվետա Մուկուչյանին եւ այլոց:

Փոքրիկ դրվագներով են հանդես եկել նաեւ ֆիլմի ստեղծագործական անդամները, այդ թվում՝ ռեժիսորները, պրոդյուսերներից՝ Արտյոմ Հակոբյանը եւ այլք: Հավելենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է:

Ստեղծագործական կազմի խոսքով՝ «Բարի օրը» տասնյակ հազարավոր մարդիկ են արդեն դիտել, սակայն ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE