Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի

12:20   19 մարտի, 2024

Բրյուս Ուիլիսի դուստրը՝ Թալուլա Ուիլիսն, առաջին անգամ հայտնել է, որ ունի աուտիզմ։ 30-ամյա Ուիլիսը առողջության մասին լուրերով կիսվել է Instagram-ի իր էջում՝ տեղադրելով հոր հետ տեսանյութ:

Տեսանյութում նրա հայրը՝ Բրյուս Ուիլիսը, կարմիր գորգի վրա գրկում է երիտասարդ Թալուլային։ Մինչ նա պատասխանում է լրագրողների հարցերին, դուստրը նրբորեն շոյում է նրա գլուխը եւ խաղում ականջի հետ։

«Ասա, որ աուտիստ ես՝ առանց ասելու, որ աուտիզմ ունես»,-գրել է նա,-«Սա իրականում առաջին անգամն է, որ ես հրապարակայնորեն կիսվում եմ իմ ախտորոշմամբ»:

Նրա խոսքով՝ այս ախտորոշումն իրեն տվել են ամռանը, եւ «դա փոխել է իր կյանքը»:

Աուտիզմը հաճախ «բնորոշվում է սոցիալական հմտությունների, սոցիալական եւ հաղորդակցական վարքագծի հետ կապված խնդիրներով, ինչպես նաեւ կրկնվող վարքագծով, առօրյայ փոփոխությունների հանդեպ դիմադրությամբ կամ սահմանափակ հետաքրքրություններով»:

Թալուլան դերասաններ Բրյուս Ուիլիսի եւ Դեմի Մուրի կրտսեր դուստրն է։



© NEWS.am STYLE