Լոնդոնում հայտնվել է Բենքսիի նոր որմնանկարը

17:10   19 մարտի, 2024

Գիշերը Լոնդոնի հյուսիսում գտնվող բնակելի շենքի վրա հայտնված որմնանկարը հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքն է։

Նկարիչը Instagram-ի իր գրառման մեջ է հաստատել, որ նկարն իրենն է:

Որմնանկարում պատկերված է բնական չափի մի կին, որի ձեռքին կա ցնցուղ, որով, ըստ երեւույթին, կանաչ ներկ է ցողում բազմաբնակարան շենքի պատին: Եթե նայեք պատի վրա պատկերված ծառին եւ դրա կենտրոնին, կնկատեք, որ կանաչ ներկը հիշեցնում է տերեւներ:

Երկուշաբթի առավոտյան մարդկանց բազմությունը եկել էր տեսնելու արվեստի գործը: Վանջա Սելերսը՝ Հորնսի Ռոուդի բնակիչներից մեկը, ով ապրում է որմնանկարից քիչ հեռավորության վրա, PA Media լրատվական գործակալությանն ասել է. «Մենք այնքան հպարտ ենք եւ ուրախ, որ Բենքսին հենց Ֆինսբերի այգին է ընտրել իր աշխատանքի համար»:



© NEWS.am STYLE