Շերը ելույթ կունենա Կաննում կայանալիք amfAR-ի ամենամյա գալա-համերգին

20:21   19 մարտի, 2024

Շերը ելույթ կունենա amfAR-ի ամենամյա գալա-համերգին, որը կկայանա մայիսի 23-ին՝ Կաննում, հայտնում է Variety-ն։

«Այնքան հրաշալի հիշողություններ ունեմ այն տարվանից, երբ հրավիրվել էի իմ ընկեր Էլիզաբեթ Թեյլորի կողմից՝ վարելու առաջին amfAR միջոցառումներից մեկը Կաննում»,-ասել է լեգենդար երգչուհին,-«Ես չափազանց հպարտ եմ, որ վերադառնում եմ այս իրադարձության 30-ամյակին եւ շարունակում եմ աջակցել այս կազմակերպության անհավանական աշխատանքին: Դա յուրահատուկ երեկո է լինելու»:

Այն բանից հետո, երբ 1993 թվականին amfAR-ի միջազգային նախագահ Էլիզաբեթ Թեյլորը Կաննում հյուրընկալեց amfAR-ի առաջի գալա-համերգը, այս բարեգործական մրցանակը դարձավ փառատոնի ամենաբաղձալի իրադարձություններից մեկը եւ հավաքեց 264 միլիոն դոլար՝ amfAR-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետազոտական ​​ծրագրերի համար:

Շերը, Թեյլորի հետ միասին, նախագահել էր միջոցառումը 1996 թվականին։ 2015 թվականին գալա համերգի ժամանակ երգչուհին արժանացել էր amfAR Inspiration Award մրցանակին։

«Շերը եղել է amfAR-ի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հավատարիմ աջակիցը, եւ մենք շատ հպարտ ենք, որ նա կրկին մեզ հետ է լինելու․ երեկոն խոստանում է հիշարժան լինել»,-ասել է amfAR-ի գործադիր տնօրեն Քեւին Ռոբերտ Ֆրոստը:



© NEWS.am STYLE