Բրյուս Ուիլիսի ընտանիքը նշում է դերասանի ծննդյան տարեդարձը՝ դեմենցիայի դեմ նրա պայքարի ֆոնին

14:23   20 մարտի, 2024

Բրյուս Ուիլիսի ընտանիքը եւ ընկերները նշում են դերասանի կյանքում կարեւոր իրադարձությունը՝ նրա մոտ ճակատային դեմենցիայի ախտորոշումից մեկ տարի անց:

«Ամուր կաղինը» ֆիլմի աստղի դուստրերը, նրա ներկայիս կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը, եւ նախկին կինը՝ Դեմի Մուրը, շնորհավորել են դերասանին՝ ծննդյան 69-ամյակի առթիվ։

«Հայրիկ, քո կողմից սիրված լինելն այնպիսի պարգեւ է»,-Instagram-ում գրել է նրա դուստր Ռումերը՝ հրապարակելով արխիվային լուսանկարներ։ «Դու ամենաուրախ, նուրբ, հմայիչ, արտասովոր, տաղանդավոր եւ կախարդական հայրն ես: Նայելով այս լուսանկարներին՝ ես պարզապես լցվում եմ խորը երախտագիտությամբ, որ մենք միասին ենք անցկացնում այս կյանքը»:

Դերասանի մյուս դուստրը՝ Սկաուտը, Instagram-ում գրել է. «Զարմանալի է՝ ինչպես է այսքան քիչ բան փոխվել, թեեւ շատ փոփոխություններ են եղել: Հայրս իմ լավագույն ընկերներից մեկն է՝ գուցե, հիմա շատ ավելի խորը մակարդակով, քան երբեւէ: Ես գնահատում եմ նրա սերն ու նվիրվածությունը»։

Մանկության տարիներին իր հոր հետ ունեցած հիշողություններով կիսվելով՝ Սկաուտը գովել է Բրյուսին՝ «իր ընտանիքի հանդեպ սիրո համար» եւ շնորհակալություն հայտնել նրա հետևորդներին՝ տարիների ընթացքում իրեն այդքան սիրելու համար:

«Այն, ինչ դուք, գուցե, չգիտեիք, բայց կարող էիք պատկերացնել, այն է, որ նրա գրկում լինելն ամենաապահով վայրն է այս ամբողջ աշխարհում»,- նշել է նրա կինը՝ Էմման: «Նա իսկական ջենթլմեն է»,-հավելել է նա,-«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։

Մուրը, ով ամուսնացած է եղել Բրյուսի հետ 1987-2000 թվականներին, կիսվել է վերջերս արված համատեղ լուսանկարով. «Ծնունդդ շնորհավոր BW! Մենք սիրում ենք քեզ եւ անչափ շնորհակալ ենք»,-գրել է նա։



© NEWS.am STYLE