Դերասանուհի Էյզա Գոնսալեսը քննադատության է ենթարկվել, երբ հայտարարել է, թե դերեր չի ստանում, քանի որ «չափազանց գեղեցիկ է»

13:18   21 մարտի, 2024

Դերասանուհի Էյզա Գոնսալեսը համացանցում կոշտ քննադատության թիրախ է դարձել այն բանից հետո, երբ պնդել է, որ ֆիլմում դերեր չի ստանում միայն այն պատճառով, որ «չափազանց գեղեցիկ է»:

34-ամյա դերասանուհին նշել է, որ իր գեղեցիկ արտաքինը վնասել է իր կարիերային։ InStyle-ին տված հարցազրույցում Էյզան ասել է. «Հիշում եմ, թե ինչպես էին շատ նախագծերում ինձ ասում. «Նա չափազանց գեղեցիկ է այս դերի համար: Նա չափազանց սեքսուալ է այս դերի համար»: Իսկ ես հարցնում էի. «Ի՞նչ կասեք Մարգո Ռոբիի մասին: Նա իմ տեսած ամենակրակոտ եւ գեղեցիկ կինն է»:

Մեքսիկացի աստղը հավելել է, որ լատինաամերիկացիները տարբեր չափանիշներով են գնահատվում եւ խոստովանել է, որ ինքը շատ երկար ժամանակ «ինքնության ճգնաժամ է ունեցել», նույնիսկ մտածում էր գլուխը սափրելու մասին՝ իր հեռանկարները բարելավելու համար:

Հարցազրույցից հետո շատերը սոցցանցերում կոշտ քննադատության են ենթարկել նրան. «Ոչ, նա պարզապես վատ դերասանուհի է», «Պարզապես ավելի լավ խաղա...», «Ես այլ պատկերացում ունեմ այն մասին, թե ինչու նա չի ստացել դերը», «Ուրախ եմ, որ նա այդքան բարձր կարծիք ունի իր մասին»։ 

Շատերը չեն հավատում, որ դա է եղել պատճառը, որ նա դերեր չի ստացել։ Ոմանք էլ կարծում են, որ հակառակը՝ նա շատ դերեր ստացել է հենց գեղեցիկ արտաքինի շնորհիվ։ 



© NEWS.am STYLE