Շակիրան վստահ չէ, որ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո կրկին կսիրահարվի

11:16   22 մարտի, 2024

Ժերար Պիկեից բաժանվելուց երկու տարի անց Շակիրան դեռ վստահ չէ իր անձնական կյանքի ապագայի հարցում: Apple Music 1-ին տված հարցազրույցում երգչուհին բացատրել է, որ իր 12-ամյա հարաբերությունների ավարտից հետո առաջնահերթությունը տալիս է «ընկերությանը»։

«Կարծում եմ՝ ընկերությունն ավելի երկար է տեւում, քան սերը»,-ասել է երգչուհին: «Չնայած ես դեռ կարծում եմ, որ սերն ամբողջութամբ զգալը՝ իր բոլոր վերելքներով ու անկումներով, այնքան կարեւոր է... Ես սիրում եմ սերը, բայց կարծում եմ, որ մի փոքր ավելի նախընտրում եմ ընկերությունը, որովհետեւ կարծում էի, թե սերն ինձ հետ կլինի ընդմիշտ, բայց պարզվեց՝ դա անկատար երազանք էր ... Ես չգիտեմ՝ արդյոք ուզո՞ւմ եմ նորից սիրել: Հավանաբար՝ ոչ... Չգիտեմ»:

Նրա խոսքով՝ նախկինում ինքը միշտ չէ, որ արժեւորում էր ընկերությունը, եւ առաջին տեղում դնում էր հարաբերությունները։

«Ես միշտ կարեւորել եմ ընտանիքը եւ զուգընկերոջ դերը: Ես միշտ եղել եմ հարաբերությունների մեջ»,-բացատրել է նա,-«Սակայն այն ժամանակ, երբ ես ապրում էի կյանքիս ամենամութ ու ամենադժվար պահերը, ընկերներս էին կողքիս»,-շարունակել է Շակիրան,-«Նրանք, իսկապես, ցույց տվեցին ինձ կյանքի իրական իմաստը: Ես, գուցե, մինչեւ ծերություն չլինեմ զուգընկերոջս կողքին, բայց կծերանամ լավ ընկերներով շրջապատված»։

Պիկեն եւ Շակիրան ունեն երկու որդի՝ 11-ամյա Միլանը եւ 9-ամյա Սաշան։



© NEWS.am STYLE