Բրիստոլում խորհրդավոր հուշատախտակ է հայտնվել՝ նվիրված «ամուսնուն, հորը, դավաճանին»

19:33   24 մարտի, 2024

Բրիստոլի սիրողական հետախույզներն ու դավադրության տեսաբաններն իրենց կարծիքն ունեն առեղծվածային հուշատախտակի մասին, որը հայտնվել է դավաճան ամուսնու պատվին, գրում է Guardian-ը։

Արույրե հուշատախտակը, որին փորագրված է՝ «Իմ սիրուն, ամուսնուն, հորը, դավաճանին: Այո, Ռոջեր, ես գիտեի», արագորեն ուշադրություն է գրավել՝ անցյալ շաբաթվա վերջին՝ Grand Crescent-ի պատշգամբում գտնվող փայտե նստարանին ամրացվելուց անմիջապես հետո:

Բնակիչներից շատերը կասկածում են դրա իրական լինելուն: Ռեյչել Ուիվեր-Թուլին, որի պատշգամբի պտուհանը նայում է նստարանին, նշում է Ռոջերի ծննդյան ամսաթիվը, որը գրված է դրա վրա՝ 06/09/69.

«Վրեժը ճաշատեսակ է, որը լավագույնս մատուցվում է սառը վիճակում... եւ պղնձե ափսեի վրա»,- ասում է նա,-«Բայց նայեք ամսաթվերին»:

Այնուամենայնիվ, որոշ բնակիչներ վճռական են՝ բացահայտելու հուշատախտակի առեղծվածային հեղինակին:

«Այստեղ շատ էքսցենտրիկ մարդիկ կան: Շատ գրողներ ու արվեստագետներ կան, ովքեր շատ ժամանակ ունեն»,- ասում է 53-ամյա Ջեյսոն Սմիթը,-«Կարծում եմ, որ այստեղ ինչ-որ մեկը ապրում է, ով ցանկանում է, որ մարդիկ խոսեն այդ մասին եւ ծիծաղեն»:



© NEWS.am STYLE