Հինգ ամիս, 40 երկիր եւ շքեղ նավարկություն, որտեղ լյուքս համարներն արժեն մինչեւ 1,7 միլիոն դոլար

15:15   1 ապրիլի, 2024

Պիկասոյի ստեղծագործությունները, ռոյալներ եւ անձնական սպասավորներ. բարի գալուստ Regent Seven Seas-ի շքեղ նավարկությունների ապագա, գրում է The National-ը:

Ընկերությունը կազմակերպում է «World of Splendor» ճամփորդությունը, որը կտեւի 140 օր եւ հյուրերին կտանի 6 մայրցամաքների 71 նավահանգիստներով: Regent Suite-ը, որն անվանում են «ծովի վրա ամենաբացառիկ բնակավայրը», դեկադենտ կացարանների գագաթնակետն է համարվում:

Նավարկությունը կմեկնարկի Մայամիում` 2027 թվականի հունվարին: Այն կավարտվի հունիսին՝ Նյու Յորքում: Seven Seas Splendor-ով համաշխարհային ճանապարհորդությունը կանցնի Հոնոլուլուով, Բորա Բորայով, Սինգապուրով եւ Կասաբլանկայով՝ տարածաշրջանային կանգառներով՝ Դուբայում, Աբու Դաբիում, Մուսկատում, Դոհայում եւ Ջիդդայում: Ճանապարհորդները նաեւ հնարավորություն կունենան ուսումնասիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 73 օբյեկտները:

Veranda Suite H համարի գները սկսվում են 89,799 դոլարից (մեկ անձի համար), իսկ Regent Suite-ինը՝ 837,299-ի դոլարից: Նշանակում է, որ երկտեղանոց համարի դեպքում զույգերը կվճարեն մոտ 1,7 մլն դոլար:

Regent Suite-ը գտնվում է 14-րդ հարկում եւ ունի 412 քմ տարածք։ Այն ունի 120 քմ մակերեսով պատշգամբ եւ ապակեպատ սոլյարի՝ սաունայով, գոլորշու բաղնիքով եւ ջակուզիով։

Շքեղ սենյակում ներկայացված են նաեւ Պիկասոյի ստեղծագործությունները եւ ռոյալ: Արտոնությունների փաթեթը ներառում է անվճար ներքին թռիչքներ կամ միջազգային բիզնես դասի թռիչքներ, անձնական մեքենա եւ ուղեցույց յուրաքանչյուր ուղղությամբ, սենյակում գտնվող սպա ծառայություններ եւ սպասարկող ծառայություն:

Ճանապարհորդությունից առաջ ճանապարհորդները մեկ գիշեր կմնան Մայամիի շքեղ հյուրանոցում եւ հնարավորություն կունենան ներկա գտնվել նախակրուիզային գալա համերգին:

Seven Seas Splendor թանգարանը, որը բացվել է 2020 թվականին, հայտնի է իր ճոխությամբ եւ պարունակում է 5 միլիոն դոլար արժողությամբ արվեստի հավաքածու՝ ներառյալ Ժոան Միրոյի եւ Պիկասոյի գործերը:

Յուրաքանչյուր լյուքս ունի նաեւ սեփական պատշգամբ։ Ամրագրումները կբացվեն ապրիլի 10-ին, սակայն նախնական գրանցումն արդեն ընթացքի մեջ է։



© NEWS.am STYLE