Նոր հայց Քանիե Ոուեսթի դեմ. Իրեն համեմատել է Հիտլերի հետ՝ սպառնալով հրեաներին եւ գեյերին

12:19   3 ապրիլի, 2024

Քանիե Ուեսթի (Ye) նախկին աշխատակիցը ռեփ-մագնատին մեղադրել է անձնակազմին եւ իր մասնավոր Donda Academy քրիստոնեական դպրոցի աշակերտներին սպառնալու մեջ, տեղեկացրել է Business Insider-ը։

Սա հայցերի շարքից վերջինն է, որոնք ներկայացրել են Donda Academy-ի նախկին աշխատակիցները, որոնց մեղադրանքները վերաբերում են կամպուսի տարածքի աղաղակող ոչ անվտանգ պայմաններին եւ նրա ոչ պատշաճ վարքին ու «անօրինական կրթական պրակտիկաներին»։

Թրեւոր Ֆիլիպսը, որն աշխատել է Ye-ի մոտ նրա Yeezy բրենդում, ինչպես նաեւ չհավատարմագրված դպրոցում 2022թ. նոյեմբերից մինչեւ 2023թ. օգոստոս, 47 էջանոց հայցում հավաստիացրել է, որ անձնակազմի սպառնալիքների եւ սեռական հետապնդումների միջոցով թշնամական միջավայր ստեղծելուց բացի՝ Ուեսթը մշտապես ինքն իրեն համեմատել է Հիտլերի հետ։

Նրա խոսքով՝ չնայած հրապարակային ներողություններին, Ուեսթի հակասեմական մեկնաբանությունները եւ Հիտլերի գովաբանությունը շարունակվել են երբեմն աշակերտների լսելիության սահմաններում։

Ֆիլիպսը մի քանի անգամ եղել է այն բանի վկան, թե ինչպես է Քանիեն հայտարարել իր աշխատակիցներին, որ «հրեաները ցանկանում են «ունենալ» իրեն» եւ «հրեաները գողանում են իմ բոլոր փողերը»։

Նա նաեւ բացահայտ քննարկել է, որ իրեն «դուր է գալիս միայն սպիտակ կանանց հետ հանդիպելը»։ «Հետո, դիմելով երկու դպորցականի, Քանիեն նրանց ասել է, որ ուզում է, որպեսզի նրանք սափրեն գլուխները, եւ որ նա մտադիր է դպրոցում բանտ սարքել, եւ որ կարելի կլինի նրանց փակել վանդակներում»,- նշված է հայցում։

Ֆիլիպսը, որը սեւամորթ է, բողոքում նշել է, որ Ուեսթը մշտապես խտրական վերաբերմունք է ունեցել դպրոցի սեւամորթ աշխատակիցների հանդեպ, ներառյալ իր՝ Ֆիլիպսի հանդեպ, անկարգ է պահել իրեն, անօրինաբար վերցրել է դպրոցի միջոցները Փարիզ մեկնելու համար եւ հաճախ սպառնացել է ազատել աշխատակիցներին։

Մի անգամ, Nobu էլիտար սուշի ռեստորանում ընթրիքի ժամանակ, Ուեսթը ձեռնաշարժություն է արել եւ նկարագրել իր սեքսուալ կյանքը գործնական հանդիպման ժամանակ Donda Academy-ում այգեգործության վերաբերյալ, նշել է հայցատուն։

«Քանիեն սկսել է սպառնալ նաեւ ԼԳԲՏ-հանրույթին։ «Գեյերը իսկական քրիստոնյաներ չեն»,- Ուեսթի խոսքերը մեջբերել է հայցատուն։ «Գեյերին վերահսկում է Բիլ Գեյթսը, որպեսզի նրանք երեխաներ չունենան, ծնելիությունը վերահսկելու համար»։

Բողոքում նշվել է, որ Ֆիլիպսը հուսահատվել է Քանիեի անմարդկային վերաբերմունքից, հետապնդումներից, ռասիզմից, սեռական ոտնձգություններից եւ հակասեմական արտահայտություններից։

«Չնայած Քանիեն իրեն աստված է համարում կամ թագավոր, իրականում նա շուտ բռնկվող տիրան է եւ բռնակալ, որը ձգտում է մտովի ոչնչացնել ու վերահսկել նրանց, ովքեր շրջապատում են իրեն»,- նշված է բողոքում։

Ֆիլիպսը պահանջում է փոխհատուցել 35 000 դոլարի վնասը եւ դատական կարգով արգելել, որ Ուեսթը Կալիֆոռնիայում ունենա եւ կառավարի որեւէ կրթական դպրոց մինչեւ 18 տարեկան երեխաների համար։



© NEWS.am STYLE