Ավելի քան 200 երաժիշտներ, այդ թվում Բիլի Այլիշը եւ Նիքի Մինաժը, հայտարարել են ԱԲ սպառնալիքի մասին երաժշտության ոլորտում

14:59   3 ապրիլի, 2024

Ավելի քան 200 երաժիշտներ, այդ թվում Բիլի Այլիշը, Նիքի Մինաժը, Ջեյ Բելվինը, Չաք Դին, Benny The Butcher-ը, Metro Boomin-ը եւ Q-Tip-ը, հայտարարել են արհեստական բանականության սպառնալիքի մասին երաժշտության ոլորտում։

Նամակում կոչ է արվել «արհեստական բանականության ստեղծողներին, տեխնոլոգիական ընկերություններին, պլատֆորմներին եւ թվային երաժշտական սերվիսներին» դադարեցնել արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործումը «կատարողների իրավունքների ոտնահարման եւ իրավունքների արժեզրկման համար»։ Չնայած կազմակերպությունն ընդունում է ԱԲ պոտենցիալ դրական ազդեցությունը պատասխանատու օգտագործման դեպքում, բայց նաեւ հայտարարում է, որ խոշոր ընկերություններն արտիստների աշխատանքն օգտագործում են ԱԲ իրենց մոդելներին ուսուցանելու համար՝ առանց թույլտվության։ «ԱԲ-ն հսկայական սպառնալիք» է երաժիշտների մասնավոր կյանքի, անձի, երաժշտության եւ գոյության միջոցների անձեռնմխելիության համար, իսկ ֆինանսական ազդեցությունն աշխատող երաժիշտների վրա «աղետալի կլինի»։

«Այդ հարձակումը մարդկային ստեղծագործության վրա պետք է դադարեցվի»,- նշվել է նամակում։



© NEWS.am STYLE