Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին մեղադրել է «ֆիզիկական բռնության» մեջ

11:39   6 ապրիլի, 2024

Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին մեղադրել է իր նկատմամբ «ֆիզիկական բռնության» մեջ՝ նախքան 2016 թվականի տխրահռչակ վիճաբանությունը ինքնաթիռում։

Դերասանուհու փաստաբանական թիմը նոր ներկայացված իրավական փաստաթղթերում, որոնք կապված են ֆրանսիական գինեգործարանի համար նախկին զույգի կռվի հետ, պնդում է, որ Բրեդ Փիթը ֆիզիկական բռնության է ենթարկել նրան:

48-ամյա Ջոլիի փաստաբանները փաստաթղթեր են ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան, որում ասվում է, որ 60-ամյա Փիթը, մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին թռիչքի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությունը, նախկինում եւս ագրեսիա է ցուցաբերել Ջոլիի նկատմամբ:

Փիթը հերքել է ֆիզիկական բռնության վերաբերյալ  բոլոր մեղադրանքները եւ ՀԴԲ-ի հետաքննության ընթացքում նրան մեղադրանք չի առաջադրվել:

«Չնայած Փիթը Ջոլիի նկատմամբ ֆիզիկական բռնություն սկսել էր կիրառել այդ թռիչքից շատ ավելի առաջ, դա առաջին դեպքն էր, երբ նա ֆիզիկական բռնության ենթարկեց նաեւ երեխաներին»,-ասել է Ջոլիի փաստաբանական թիմը:

Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Փիթը հրաժարվել է ընտանեկան բռնության հետ կապված խորհրդատվությունից եւ անտեսել է ընտանեկան լուրջ խնդիրները՝ պայքարելով իրենց վեց երեխաների խնամակալության համար:

Ջոլիի փաստաբան Փոլ Մերֆին Dailymail.com-ին ասել է, որ փաստաթղթերում հրապարակված տեղեկությամբ պարզ է դառնում, թե ինչու էր դերասանը ցանկացել, որ Ջոլին չբացահայտման պայմանագիր ստորագրեր բաժանման դեպքում։

Իրավիճակին ծանոթ ինսայդերը Dailymail.com-ին ասել է, որ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի աստղը ինքն է իր գլխին նոր դժվարություններ առաջացրել՝ ֆրանսիական գինեգործարանի շուրջ երկարատեւ դատական գործի պատճառով: Նա իրավիճակը նկարագրել է որպես «անհավանական տխուր»՝ հավելելով, որ Ջոլին «պարզապես ցանկանում է, որ Փիթը կարողանա առաջ շարժվել եւ իրեն հանգիստ թողնի»:



© NEWS.am STYLE