Կոսմետիկ ապրանքանիշը դիմահարդարման պարագաներ է թողարկել տղամարդկանց համար՝ «մարտահրավեր նետելով կարծրատիպերին»

11:33   7 ապրիլի, 2024

NuNorm-ը դիմահարդարման գիծ է, որը ստեղծվել է հատուկ տղամարդկանց համար՝ «դեմ գնալով այն կարծրատիպին, որ դիմահարդարումը միայն կանանց համար է»:

Դրա հիմնադիր Ջեֆ Լաուն ապրանքանիշի ստեղծման համար ոգեշնչվել է իր որդուց՝ դիտելով, թե ինչպես է նա խաղում եղունգների լաքով եւ դիմահարդարման պարագաներով:

Իր որդու «անհոգ վերաբերմունքը» դիմահարդարման նկատմամբ ոգեշնչեց Լաուին ստեղծել դիմահարդարման գիծ՝ նախատեսված տղամարդկանց համար, եւ նա հուսով է, որ կփոխի առնականության եւ դիմահարդարման մասին պատկերացումները:

Շարքը բաղկացած է հինգ ապրանքներից՝ երանգավորված խոնավեցնող միջոց, դեմքի սթիք, հոնքերի մատիտ, դիմափոշի եւ դիմահարդարման վրձին։

NuNorm-ի աստղային արտադրանքը Quick Cover դեմքի սթիքն է, որը հասանելի է 17 երանգներով եւ անփայլ ծածկույթով: Այն կարող է օգտագործվել ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի վրա՝ բծերը ծածկելու եւ ցանկացած գունաթափում հարթեցնելու համար:

Քողարկիչը ցանկալի է օգտագործել մաքուր, խոնավ մաշկին եւ կարելի է քսել սպունգով, վրձնով կամ մատներով:



© NEWS.am STYLE