«Ընկերներ» սիթքոմի հայտնի կազմի կողմից ստորագրված սցենարն աճուրդի է հանվել՝ հանգուցյալ Մեթյու Փերիի պատվին

14:05   9 ապրիլի, 2024

«Ընկերներ» կուլտային հեռուստասերիալի երկրպագուները հնարավորություն կունենան տիրանալ շոուի պատմության մի հատվածին եւ հարգանքի տուրք մատուցել սիթքոմի հանգուցյալ աստղ Մեթյու Փերիին:

«Պատրաստված է Չելսիում» բրիտանական ռեալիթի շոուի աստղերից մեկը՝ Օլի Լոքը, հայտնել է, որ մտադիր է աճուրդի հանել շոուի ամենահայտնի դրվագներից մեկի սցենարը, որը ստորագրված է դրա բոլոր հերոսների կողմից: Խոսքն այն դրվագի մասին է, որտեղ Ռեյչելը ծննդաբերում է. այն բաղկացած է երկու մասից:

Օլին աճուրդի է հանում սցենարը՝ Մեթյու Փերիի հիմնադրամի համար միջոցներ հավաքելու նպատակով: Դերասանը կյանքից հեռացել է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին՝ 54 տարեկանում: Նրան մահացած էին գտել  տաք լոգարանում։

Սցենարը ստորագրված է բոլոր վեց գլխավոր դերակատարների՝ Փերիի, Ջենիֆեր Էնիսթոնի, Քորթնի Քոքսի, Լիզա Կուդրոուի, Դեյվիդ Շվիմերի եւ Մեթ Լեբլանի կողմից։

Այն գնահատվում է 6000-ից 10000 դոլար։

Աճուրդը կկայանա Անգլիայի Ռոյստոն քաղաքում գտնվող Hanson Ross աճուրդի տանը՝ ապրիլի 12-ին: «Աճուրդի կհանվեն նաեւ «Friends»-ից այլ հուշանվերներ, այդ թվում՝ Ռեյչելի երեխայի սոնոգրաֆիան, որը ներկայացվել է նույն դրվագում»,-ասում է Ամանդա Բաթլերը՝ Hanson Ross-ի գործառնությունների տնօրենը,-«Այն ուղարկվել է Շոտլանդիայում գտնվող վաճառողի կողմից եւ գնահատվում է 759- 1000 դոլար»:



© NEWS.am STYLE