Սիլվեստր Ստալոնեին մեղադրել են մասսայական տեսարաններում նկարահանվող դերասաններին վիրավորելու մեջ

12:17   10 ապրիլի, 2024

Paramount ընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու այն պնդումները, որոնց համաձայն Սիլվեստր Ստալոնեն վիրավորել է երկրորդ պլանի դերասաններին՝ «Թալսայի արքան» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում, որը հեռարձակվում է Paramount+ հեռուստաալիքով:

CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ ստուդիան հետաքննում է այն պնդումները, որոնցով մեղադրում են Ստալոնեին՝ մասսայական տեսարանների որոշ դերասանների «տգեղ», «խոզ» եւ «ձեռնափայտով գեր տղա» անվանելու մեջ։

«Բերեք մի քանի գեղեցիկ երիտասարդ աղջիկների, որ ինձ մոտ լինեն»,-ըստ պնդումների՝ ասել է Ստալոնեն:

Երկու աղբյուրներն էլ CNN-ին ասել են, որ ոչ մի պաշտոնական բողոք Ստալոնեին կամ տնօրենին չի ներկայացվել: Նրանց խոսքով՝ կադրերի բաժնի աշխատակիցները մեղադրանքների մասին իմացել են սոցիալական ցանցերի հաղորդագրություններից։

Սերիալի տնօրեն եւ գործադիր պրոդյուսեր Քրեյգ Զիսքը TMZ-ին ասել է, որ «նման վիրավորանք չի եղել»:

Մեղադրանքների մանրամասները հայտնվել են ֆեյսբուքյան խմբերում, որոնք նվիրված են «Թալսայի արքան» ֆիլմի նկարահանման հրապարակում դերասանների փորձին, եւ տարածվել են այն ժամանակ, երբ սքրինշոթները տեղադրվել են X-ում՝ հեռուստատեսային գրող Ջուլի Բենսոնի կղմից:

Բենսոնն ասում է, որ այդ մեղադրանքների մասին իմացել է ընկերոջից, ով սերիալի երկրորդական պլանի դերասաններից է:

Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների համաձայն՝ հարցը ներկայումս հետաքննվում է դերասանների եւ անձնակազմի հետ հարցազրույցների միջոցով: «Թալսայի արքան» սերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները վերջերս են սկսվել եւ հետաքննությունը ոչ մի կերպ չի փոխում արտադրության պլանները, ասել է աղբյուրներից մեկը:

Ստալոնեն եւ տնօրենը շարունակում են աշխատել այնպես, ինչպես նախատեսված էր։



© NEWS.am STYLE