Լուչանո Պավարոտտին Մետրոպոլիտեն օպերայի շենքում իր սիրելի պաստայի համար թաքստոցներ ուներ

23:19   10 ապրիլի, 2024

Աշխարհահռչակ տենոր Լուչանո Պավարոտտին սիրում էր ուտել՝ այն աստճանի, որ իր սիրելի պաստան համտեսում էր, նույնիսկ, արիաների արանքում ընդմիջումների ժամանակ:

Ըստ Page Six-ի՝ հանգուցյալ Լուչանո Պավարոտտին խորտիկների պահոցներ ուներ Մետրոպոլիտեն օպերայի շենքի մի շարք անկյուններում: Աղբյուրի համաձայն՝ Մետրոպոլիտենի էքսկուրսիայի ժամանակ նրա լեգենդար ռեժիսոր Պիտեր Գելբը հյուրերին ասել է. «Պավարոտտին, ով անհագ ախորժակ ուներ, հաճախ իր սիրելի պաստան պահում էր թաքստոցներում, որպեսզի կարողանար արիաների ընդմիջումներին համտեսել դրանք»։

Պավարոտտին ԱՄՆ-ում մեծ համբավ ձեռք բերեց 1972 թվականին՝ Lincoln Center-ի դահլիճում «La Fille Du Régiment» կատարմամբ, եւ, ինչպես հաղորդվում է, նա այդ ժամանակ «ամբոխին խելագարության էր հասցրել իր բարձր նոտաներով»:

1976թ-ին Պավարոտտին սկսեց դիետա պահել, նրան թույլ էին տալիս օրական օգտագործել 1800 կալորիա: «Դա իմ կերածի մեկ վեցերորդ մասն է»,-Times-ին ասել էր նա:



© NEWS.am STYLE