Թեյլոր Սվիֆթը հրաժարվել է ԱՄԷ-ում մասնավոր ելույթից՝ չնայած 9 միլիոն դոլար հոնորարին

12:30   12 ապրիլի, 2024

Թեյլոր Սվիֆթը հրաժարվել է ելույթ ունենալ Արաբական Միացյալ Էմիրություններում մասնավոր երեկույթին՝ չնայած տպավորիչ հոնորարին, որը կազմում էր 9 միլիոն դոլար, հայտնում է ռեփեր Ֆրենչ Մոնտանան։

Նա կիսվել է տեքստային հաղորդագրությունների սքրինշոթով, որտեղ իրեն առաջարկել են ելույթ ունենալ 1 միլիոն դոլարով, Սվիֆթին առաջարկել են 9 միլիոն դոլար, սակայն երգչուհին անհայտ պատճառով մերժել է առաջարկը:

Փողը միանշանակ խնդիր չէ փոփ աստղի համար, քանի որ նա այս ամսվա սկզբին պաշտոնապես հայտնվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում: Նրա կարողությունը գնահատվում է 1,1 միլիարդ դոլար:

Սվիֆթը ներկայումս ընդմիջում է վերցրել իր ռեկորդային՝ Eras Tour շրջագայությունից, որը, Rolling Stone ամսագրի տվյալներով, դարձել է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր շրջագայությունը՝ վաստակելով ավելի քան 1 միլիարդ դոլար:

Շրջագայությունը վերսկսվելու է մայիսի 9-ին՝ Փարիզում, եւ ավարտվելու է դեկտեմբերին՝ Վանկուվերում:



© NEWS.am STYLE