«Շրջապատեք ձեզ սիրով, որովհետեւ սերն է կյանքի փարոսը»․ Ռոբերտո Կավալլի

23:26   12 ապրիլի, 2024

Նորաձեւության աշխարհը կրեց եւս մեկ անդառնալի կորուստ․ 83 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին, ինչի մասին րոպեներ առաջ հայտարարվեց Roberto Cavalli բրենդի ինստագրամյան էջում։ Դիզայների մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձով հանդես է եկել Roberto Cavalli-ի կրեատիվ տնօրեն Ֆաուստո Պուգլիսին։

«Հարգելի Ռոբերտո, գուցե դու ֆիզիկապես այլեւս այստեղ չես՝ մեզ հետ, բայց ես գիտեմ, որ ես միշտ կզգամ քո ոգին ինձ հետ: Իմ կարիերայի մեծագույն պատիվն է քո ժառանգության ներքո աշխատելն ու ապրանքանիշի համար ստեղծագործելը․ այն ապրանքանիշի, որը դու հիմնադրել ես նման տեսլականով եւ ոճով: Հանգչիր խաղաղությամբ, քեզ կկարոտեն, եւ դու այնքան սիրված ես, որ քո անունը կշարունակվի լինել ոգեշնչման փարոս ուրիշների եւ հատկապես ինձ համար»,-ասվում է նրա հաղորդագրության մեջ։

NEWS.am STYLE-ը մեջբերում է հայտնի դիզայների ամենաոգեշնչող մտքերից մի քանիսը, որոնք հրապարակվել են նրա էջում։ 

«Շրջապատեք ձեզ սիրով, որովհետեւ սերն է կյանքի փարոսը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Roberto Cavalli (@roberto_cavalli)

«Ես կրկնօրինակում եմ կենդանիների հագուստը, որովհետեւ ինձ դուր է գալիս կրկնօրինակել Աստծո ստեղծածը։ Կարծում եմ՝ Աստված ամենաֆանտաստիկ դիզայներն է»։

«Նորաձեւություն ստեղծելը դժվար է, դա չեք կարող սովորել, այն պետք է ունենաք ձեր գեներում»։

«Ես կփորձեմ ժպիտ պարգեւել ձեզ՝ ոչ թե հեքիաթներով, այլ իմ կյանքի իրական պատմություններով։ Երկար կյանքի, որը լի է էմոցիաներով ու արկածներով։ Ես այստեղ եմ ձեզ խրախուսելու համար։ Մի մոռացեք, որ ես ձեզ սիրում եմ»։

Ռոբերտո Կավալլիի մահվան մասին հայտնել են րոպեներ առաջ՝ նրա էջում։ 

«Մեծ վշտով այսօր մեր վերջին հրաժեշտն ենք տալիս մեր հիմնադրին՝ Ռոբերտո Կավալլիին։ Ֆլորենցիայում իր համեստ ուղուց Ռոբերտոն հասավ հաջողության՝ դառնալով համաշխարհային անուն, որը սիրված էր ու հարգված բոլորի կողմից։ Բնատուր տաղանդով ու ստեղծագործականությամբ օժտված Ռոբերտոն կարծում էր, որ յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր ներսի արտիստին։ Ռոբերտո Կավալլիի ժառանգությունը կապրի նրա կրեատիվության, բնության հանդեպ սիրո եւ նրա ընտանիքի շնորհիվ, որոնց նա պաշտում էր»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հավելենք, որ նորաձեւության դիզայներն ուներ վեց երեխա. Ամենակրտսեր որդին՝ Ջորջիոն, ծնվել է 2023 թվականին, երբ դիզայները 82 տարեկան էր։

Կավալլին ծնվել է 1940 թվականին՝ Ֆլորենցիայում։ Նա ընդունվել է Արվեստի ակադեմիա, որտեղ սովորել է ինտերիերի դիզայն, երբեք դիպլոմ չի ստացել, բայց սկսել է աշխատել տեքստիլով։ Դիզայները 1970-ականներին հիմնել է իր սեփական ապրանքանիշը՝ Roberto Cavalli-ն։

Լուսանկարը՝ Gareth Cattermole / Getty Images



© NEWS.am STYLE