Կիանու Ռիվզը պատրաստ է ամուսնանալուն

11:18   14 ապրիլի, 2024

Կիանու Ռիվզը «խելագարի պես սիրահարված է» իր ընկերուհուն՝ Ալեքսանդրա Գրանտին, եւ պատրաստ է ամուսնանալ նրա հետ:

Ինչպես նշում է National Enquirer-ը, դերասանը «վստահ է», որ իրենց սիրավեպը «հարատեւ կլինի» եւ ցանկություն չունի նախամուսնական պայմանագիր կնքել։

Նշվում է, որ Ջոն Ուիքի դերակատարը շատ է ցանկանում ամուսնանալ ամերիկացի նկարչուհու հետ։ «Կիանուն խելագարի պես սիրահարված է Ալեքսանդրային, եւ նա պատրաստ է ամուսնանալուն»,-National Enquirer-ին ասել է ինսայդերներից մեկը: Նրա խոսքով՝ Ռիվզը, ամենայն հավանականությամբ, համեստ հարսանեկան արարողություն կկազմակերպի, քանի որ շքեղությունն ու պաթոսը նրա ոճով չեն։ «Դա, երեւի, կլինի պարզ արարողություն՝ նեղ շրջանակում՝ Լոս Անջելեսի իրենց տան բակում: Կամ, գուցե, նրանք փախչեն, իսկ հետո համեստ տոնակատարություն կազմակերպեն իրենց ընկերների հետ»:

Ռիվզն ամուսնության վերաբերյալ նախկինում կասկածներ ուներ՝ 2001 թվականին ավտովթարի հետեւանքով իր հղի հարսնացուին՝ Ջենիֆեր Սայմին կորցնելուց հետո։ Այնուամենայնիվ, Գրանտի գալով, դերասանն ամեն ինչին այլ կերպ է նայում:

Հրատարակության համաձայն՝ դերասանը շահագրգռված չէ նախամուսնական պայմանագիր կնքել, քանի որ նա «ամբողջովին վստահում է Ալեքսանդրային եւ իմաստ չի տեսնում փաստաբաններից ու թղթաբանությունից կախում ունենալու մեջ»։ «Դա մի տեսակ խելահեղ որոշում է, եթե հաշվի առնենք նրա կարողությունը, բայց նա հնաոճ տղա է, ով հավատում է, որ սերը հավերժ է»:



© NEWS.am STYLE