Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք

16:11   17 ապրիլի, 2024

Դաժան ամուսնալուծության եռամյա պայքարից հետո կինը նախկին ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ նրա անշարժ գույքի մի մասը: Զույգը, ում անունը չի նշվում օրինական պատճառներով, ամուսնացած են եղել ավելի քան 20 տարի, եւ բաժանվել են մի քանի տարի առաջ:

Ընտանեկան հարցերով զբաղվով դատարանում նշվել էր, որ ամուսինն իր՝ այն ժամանակվա կնոջն ապահովել է «ճոխ կյանքով», սակայն նրանք «առանձին են ապրել» 1990-ականներից: Նրանց հարաբերությունները սկսել են փլուզվել 2007 թվականին, երբ ամուսինը սկսել էր դավաճանել կնոջը։

Դատավոր Փիթեր Քեմփթոնը որոշել է, որ զույգը պետք է կիսի այն հսկայական կարողությունը, որը ամուսինը կառուցել էր նախքան իրենց հանդիպումը: Նա ամուսնուն պարտավորեցրել է նախկին կնոջը 4 անգամ վճարել 40 միլիոն դոլար՝ այս տարվա եւ հաջորդ տարվա՝ մարտի 22-ից հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում։ Նա նաեւ մինչեւ 2026 թվականի մարտի 22-ը պետք է նրան վճարի իրենց անշարժ գույքի պորտֆելի 50 տոկոսը (21,8 միլիոն դոլար):

Ինչպես գրում է Daily Telegraph-ը, կնոջը որպես սեփականության իրավունք կտրամադրվեն նաեւ երեք բնակարաններ, որոնցից մեկը նրա հիմնական բնակավայրն է արտասահմանում եւ արժե ավելի քան 10 միլիոն դոլար:

Դատավոր Քեմփթոնը որոշել է, որ կինը «ֆինանսապես կախված է եղել ամուսնուց» իրենց հարաբերությունների հենց սկզբից, քանի որ թողել է աշխատանքը:

Ամուսնու հարստությունն օգնել է նրան ապրել «երջանիկ պարապության» մեջ՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով ընկերների հետ եւ «վայելելով առաջին կարգի միջազգային ճանապարհորդությունները»: «Նա այժմ հասել է կենսաթոշակային տարիքի՝ վայելելով հսկայական հարստություն՝ շնորհիվ իր ամուսնու տրամադրած միջոցների, եւ կարող է ապրել իր մնացած օրերն այն արտասովոր շքեղության մեջ, որը նա երկար ժամանակ վայելել է՝ ունենալով անշարժ գույքի մի շարք օբյեկտներ»,-ասվում է դատավորի որոշման մեջ։ 



© NEWS.am STYLE