Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում

19:56   22 ապրիլի, 2024

Համշենական «Մելուսես» խումբը մայիսի 4-ին համերգով հանդես կգա Երեւանում։

«Ուզում ենք անդրադարձ կատարել մեր տարածաշրջանի հարուստ պատմության քիչ հայտնի հատվածին, որը ներկայացնում են Համշենն ու համշենահայերը։ Համշենի կորուսյալ աշխարհի դռները բացելու համար մենք սկսում ենք երաժշտական ավանդույթից, որը կդառնա ոչ միայն մշակութային իրադարձություն, այլև իսկական նվեր որակյալ ժողովրդական և ռոք երաժշտությունը գնահատողների համար»,-ասվում է համերգի կազմակերպիչ Move2Armenia-ի էջում։

Խմբի պատմական այցը Երեւան, նախ եւ առաջ, հնարավորություն է նորովի խորասուզվելու իրենց ինքնության մեջ։

Պահպանված ամենահին բարբառը լսելը, որն, ըստ ականավոր ակադեմիկոս եւ լեզվաբան Ջահուկյանի, ավելի հին է, քան ինքը՝ գրաբարը (հին հայերենը), հնարավորություն է, որ չի ընձեռվում ո՛չ միայն ամեն օր, այլեւ նույնիսկ ամեն տարի։

Խմբի ստեղծագործությունները միլիոնավոր դիտումներ են հավաքում հայտնի հարթակներում, բայց դրանցից ամենասիրվածը, թերեւս, «Գարմի աղջիկն» է։

Համոզված ենք, որ այս համերգը կդառնա Համշենի, Արեւմտյան Հայաստանի, Անատոլիայի երաժշտական մշակույթի ժառանգությանը ծանոթանալու սկիզբը։

«Ապագայի ուղին դրվում է ինքնաճանաչողության միջոցով, ուրեմն՝ կտեսնվե՛նք Hard Rock-ում»:



© NEWS.am STYLE