Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են

20:20   25 ապրիլի, 2024

Մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են։ Մարկ Ցուկերբերգի խմբագրված լուսանկարը, որում նա թեթեւ արեւայրուքով է եւ թրաշով, փոթորկել է համացանցը հանգստյան օրերին՝ առաջացնելով մի հարց՝ ինչո՞ւ են չսափրված տղամարդիկ այդքան հմայիչ։ 

«Նա այս լուսանկարում, ասես, ձախողակից վերածվել է սրտակերի»,- HuffPost-ին ասել է Նեննա Բ.-ն՝ բովանդակության ստեղծողը։ 

Դերասանուհի Քրիսթալ Լասթերը հրապարակմանը եւս ասել է, որ մորուքը շատ ավելի գրավիչ է դարձրել Meta-ի հիմնադրին։ Նա խոստովանել է, որ վերանայել է այն տղամարդկանց, ում նախկինում մերժել է այն բանից հետո, երբ նրանք մորուք են թողել:

2016 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեսի թեթեւ եւ հաստ մազածածկույթով տղամարդիկ ընկալվում են որպես ավելի գրավիչ, քան իրենց սափրված հասակակիցները: Հարցմանը մասնակցել է ավելի քան 8500 կին, ովքեր նախընտրել են, որ տղամարդիկ դեմքին ունենան մազեր:

«Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մորուքն ավելի շատ հստակություն է հաղորդում դեմքին եւ մեծացնում է տարիքի եւ առնականության ընկալումը»,-HuffPost-ին ասել է հետազոտության հեղինակ Բարնաբի Դիքսոնը:

Հետազոտության համաձայն՝ 10-օրյա մազածածկույթն ավելի ցանկալի է, մինչդեռ մոխրագույն, գերաճած մորուքն այնքան էլ գրավիչ չէ։ Բացի այդ, տղամարդու մորուքն ավելի շատ բակտերիա է պարունակում, քան շան մորթին կամ նույնիսկ զուգարանի նստատեղը։



© NEWS.am STYLE