Մայամիի սեքսի թանգարանը բացել է «Ցանկության մեքենաներ»/Desire Machines խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է Հաջիմե Սորայամայի խորհրդանշական «սեքս-ռոբոտ» քանդակների շարքը, ինչպես նաեւ երբեք չցուցադրված 20 նկար, հայտնում է Hypebeast-ը։
Սորայաման իր պիոներական ճանապարհորդությունը դեպի ռոբոտային արվեստ սկսել է 1980-ականներին՝ «Աստղային պատերազմներից» ոգեշնչված: Նրա առաջին ստեղծագործությունը կանացի գայթակղիչ կերպար էր՝ պատվիրված ճապոնական վիսկիի ապրանքանիշի կողմից, որը նշանավորեց նրա երկար կարիերայի սկիզբը: Լղոզելով իրականությունն ու ֆանտազիան՝ նրա աշխատանքները միավորում են արեւելյան եւ արեւմտյան մշակույթները, դասական արվեստը եւ փոփ մշակույթը՝ առաջարկելով դիտողներին ավելի թվային աշխարհում խորհել ցանկությունների ու սեքսուալության մասին:
Չնայած արվեստի որոշ հաստատությունների կողմից նրա անկեղծ աշխատանքները դժկամությամբ են ընդունվում` Սորայաման հավատարիմ է մնում մարդկային գոյության իր անվախ ուսումնասիրությանը՝ ներառյալ ցանկությունն ու վերարտադրությունը, եւ չնայած սեքսուալության շուրջ սոցիալական տաբուներին՝ Սորայաման կարծում է, որ արվեստը պետք է առերեսվի մարդկային գոյության հիմնարար ճշմարտությունների հետ:
«Սորայամայի անկեղծ մոտեցումը սեքսուալ ֆանտազիային հատկապես արդիական է հիմա, երբ իրականն ու վիրտուալը, գրեթե, չեն տարբերվում, եւ երբ սեքս-ռոբոտները, արհեստական ինտելեկտի ուղեկիցները եւ վիրտուալ հայտնիները ավելի շատ գիտական փաստ են, քան գեղարվեստական: Desire Machines-ը հնարավորություն է տալիս մտածելու, թե մեր թվային ներկայում ինչ են նշանակում սեռական ակտիվությունը, օբյեկտիվացումը, գաղտնիությունը, էքսբիբիցիոնիզմը, բացառիկությունը եւ մտերմությունը»,-նշել է ցուցահանդեսի հեղինակը՝ դոկտոր Ալիսոն դե Ֆրենը: