10:52 3 մայիսի, 2024Ժակլին Բաղդասարյանը, որը «Լադանիվա» խմբի կազմում այս տարի ներկայացնում է Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, մրցույթի ամենաակտիվ մասնակիցներից է: Խմբի՝ տարբեր ազգերի երաժշտությունը միքսելու ունակությունը աննկատ չի մնում «Եվրատեսիլ»-ի ետնաբեմում: Մրցույթի հույն երկրպագուները YouTube-ում տեսանյութ են տարածել, որում հայ երգչուհին հունական աշխույժ ռիթմերի ներքո պարում է «Եվրատեսիլ 2024»-ում Հունաստանի ներկայացուցչի՝ Մարինա Սատտիի հետ: Նրանց նվագակցում է «Լադանիվա»-ի մյուս անդամը՝ Լուի Թոմասը:
Ըստ երեւույթին, տեսանյութը նկարահանվել է երեկ՝ մայիսի 2-ին՝ եվրատեսիլյան փորձերի արանքում: Երեկ «Լադանիվա»-ն երկրորդ անգամ է բարձրացել «Եվրատեսիլի» բեմ՝«Ժակո» երգի փորձի համար:
Հավելենք, որ Հայաստանի ելույթի բեմադրության հեղինակը Արթուր Մանուկյանն է, որը նաեւ «Ժակո» տեսահոլովակի ռեժիսորն է:
«Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։