13:16 16 մայիսի, 2024Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս արդեն 3-րդ մոնոներկայացմամբ։ Երեկ՝ մայիսի 15-ին, «Բոհեմ» թատրոնի լեփ-լեցուն դահլիճում՝ ընկերների, հայտնի գործընկերների, մտերիմների ու երկրպագուների համար, Ռաֆայելն առաջին անգամ ներկայացրեց «Փահլեւան» ստենդափը։ Մոնոներկայացման հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գարիկ Գեւորգյանը եւ Գեւորգ Սահակյանը, պրոդյուսերը Վահան Թովմասյանն է։

Մոնոներկայացման մեջ ստեղծագործական կազմը ներառել է մի շարք արդիական պատմություններ, իսկ բացումն ամենաթարմ թեմաներից մեկով էր՝ Ռաֆայելը բեմ բարձրացավ «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Ժակո» երգի իր հումորային մեկնաբանությամբ։ Դերասանը հանդիսատեսի հետ քննարկեց մեր ներկայի վայրիվերումները, անդրադարձավ նաեւ անձնական կյանքի մանրամասներին։

Ռաֆայելի խոսքով՝ ներկայացումն ու գաղափարը ծնվել են ընկերների օգնությամբ, որոնց աջակցությամբ էլ կյանքի է կոչվել։ «Մեզ հուզող հարցերի մասին մենք խոսում ենք այս հարթակից եւ համեմում ասելիքն ինձ հատուկ ոճով՝ հումորով։ Այնուամենայնիվ, թեմաներին եւ հումորին մոտենում ենք զգույշ եւ փորձում համահունչ լինել դրանց։ Սա մեր աշխատանքն է, եւ կարծում եմ, որ հուզող թեմաների մասին պետք է խոսենք այս հարթակից»,-ներկայացումից հետո՝ լրագրողների հետ զրույցում նշեց դերասանը։ Նա հավելեց, որ թե իր, թե ստեղծագորխական թիմի նպատակը եղել է դրական էներգիա հաղորդելը՝ «որ միմյանց լսենք, հանդուրժող լինենք, ապրումակցող լինենք։ Պետք է հաճախ կարողանանք լսել, որ միշտ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»,-ասում է Ռաֆայելը։

Սցենարիսներից Արմեն Վարդանյանը շեշտեց՝ մոնոներկայացմամբ հանդես գալն իրենց համար ինքնանպատակ չի եղել։ Ցանկացած աշխատանքի դեպքում տեսնում են «կորիզը»՝ խնդիրը, նոր միայն որոշում ներկայացնել այն։ «Այս ներկայացման մեջ մենք դրել ենք շեշտը փահլեւանի վրա ու բալանսավորել ենք ասելիքը՝ ամեն թեմայի շուրջ ներկայացնելով հավասարազոր կետեր»,-հավելեց նա։

Հայ հանդիսատեսին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, բազմիցս ներկայացվել են դերասանի «Էվոլյուցիա» եւ «tRaffik» մոնոնեևկայացումները։ Պրոդյուսեր Վահան Թովմասյանի խոսքով՝ «Փահլեւանը» եւս կշրջագայի։ «Պրեմիերան նոր է կայացել, բայց մեզ արդեն սպասում են արտերկրում։ Հայաստանում մենք տվել ենք մեկնարկն ու կարող եմ հավելել, որ առաջիկայում սպասվող ներկայացման տոմսերը գրեթե սպառվել են․ հանդիսատեսը սպասում էր Ռաֆայելին բեմում, քանի որ այսօր եւս մարդիկ ունեն դրական էներգիայի կարիք։ Ամեն մոնոներկայացումից հետո մենք հասկանում ենք, որ հանդիսատեսն ունի այս հումորի ու թատրոն գալով առօրյայից կտրվելու կարիքը»,-նշեց Վահանը։









Սյունե Առաքելյան