Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը

12:08   19 մայիսի, 2024

Ժակես Աուդիարը վերադարձել է Կանն՝ շաբաթ երեկոյան աշխարհին ծանոթացնելով իր «Էմիլիա Պերեսի» հետ, որն արժանացել է հանդիսատեսի բուռն արձագանքին, գրում է The Hollywood Reporter-ը։

Ֆրանսիացի հեղինակի 10-րդ ֆիլմում նկարահանվել են Զոի Սալդանան (փաստաբանի դերում), Սելենա Գոմեսը (նարկոբարոնի կնոջ դերում), Էդգար Ռամիրեսը (որպես վտանգավոր սիրային հետաքրքրություն), եւ Կառլա Սոֆիա Գասկոնը, որի հերոսուհին ցանկանում է փախչել հանցավոր կյանքից եւ դառնալ այն կինը, որը նա միշտ երազել է լինել: Այս ամենը՝ մեկ մյուզիքլում:

Ֆիլմի ավարտին դահլիճում հնչել են բղավոցներ, եւ «Բրավո» բացականչություններ: Սալդանան եւ Գասկոնը արտասվել են, իսկ Գոմեսն ակնհայտ հուզված էր, նա ծածկել էր դեմքը։

«Էմիլիա Պերեսը» ռեժիսորի հաղթական վերադարձն է։ Աուդիարը 2015 թվականին արժանացել էր «Ոսկե արմավենու ճյուղին»: Նրա մյուս ստեղծագործություններից են՝ «Փարիզ, 13-րդ շրջան», «Քույր եղբայրներ», «Ռաստ եւ ոսկոր», «Մարգարե», «Կարդա իմ շուրթերով», «Ինքնաշեն հերոսը» եւ այլն: «Էմիլիա Պերեսը», շնորհիվ իր աստղային կազմի, հանգստյան օրերի ամենասպասված ժապավեններից էր:

Լուսանկարը՝ Անդրեաս Ռենց/Getty Images



© NEWS.am STYLE