Ճապոնիայում տղամարդկանց համար կանացի ներքնազգեստ են ստեղծել

18:02   11 հունվարի, 2014

Ճապոնիայում կրծկալների, ժանյակավոր կիսավարտիքի եւ գիշերազգեստի ստեղծման գործում մասնագիտացած ընկերությունը «Տղամարդու ցանկությունը» անվանումով նոր շարք է թողարկել:

Արտադրանքն արդեն վաճառքի է հանվել ճապոնական Rakuten առեւտրի կենտրոնում: Ճապոնական RocketNews24 կայքի տվյալներով, նոր հավաքածուն ներառում է կանացի ներքնազգեստ, որն առաջարկվում է տղամարդկանց: Այն հատուկ մշակվել է՝ հաշվի առնելով տղամարդու ֆիզիոլոգիան, ընդ որում, դիզայներները պահպանել են կանացի ներքնազգեստի բոլոր ատրիբուտները. ժանյակ, ծաղիկներ, ժապավեններ:

Հավաքածուի հեղինակների խոսքով՝ այդ ինքնատիպ ներքնազգեստը ստեղծել են, որպեսզի տղամարդկանց հնարավորություն տան «վայելել ներքնազգեստի այն նրբությունն ու շքեղությունը, որոնց կանայք այդքան սովորել են»:

«Ինձ դուր է գալիս հագնել այս ներքնազգեստը: Ես դրանով հրաշալի եմ զգում ինձ»,- լրագրողներին ասել է ընկերության ներկայացուցիչ Մասայուկի Ցուտիյան: Նա նաեւ կրծկալ է հագնում, որը սովորական հագուստի տակից անհնար է նկատել:

Կազմակերպության գործադիր տնօրեն Ակիկո Օկունոմիյան խոստովանել է, որ զարմացած էր, թե որքան մեծ թվով տղամարդիկ էին հետաքրքրված իրենց ստեղծած ներքնազգեստով:

«Կարծում եմ՝ ավելի ու ավելի մեծ թվով տղամարդիկ են հետաքրքրվում կրծկալներով: Երբ թողարկեցինք տղամարդկանց համար նախատեսված կրծկալները, սկսեցինք երջանիկ հաճախորդներից շնորհակալական նամակներ ստանալ, ովքեր նշում էին, որ երկար ժամանակ սպասում էին դրան»,- ասել է տնօրենը:

Տղամարդկանց համար այս ինքնատիպ ներքնազգեստի թողարկումը համացանցում թեժ քննարկումների պատճառ է դարձել: Ճապոնական սոցիալական ցանցերից մեկում այս թեմայով վիճաբանությանը մասնակցել են շուրջ 8.000 ճապոնացիներ:

Տղամարդկանց համար նախատեսված կանացի ներքնազգեստի գույներն ու կտորն ապշեցուցիչ են: Ընկերության աշխատակիցների համոզմամբ, նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդը կարող է իրեն հարմար մոդելն ու երանգավորումը գտնել: Ներքնազգեստները բավական էժան են՝ 1.995 իեն (շուրջ 30 դոլար):

Նյութը՝ mirtesen.ru կայքի



© NEWS.am STYLE