Վրացական երաժշտության բացառիկ համերգ Երևանում

14:38   30 մայիսի, 2024

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ներկայացնում են 1900+ նախագծի թվով 20-րդ՝ վրացական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը նվիրված համերգը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ՝ Լեքսուս ապրանքանիշի օժանդակությամբ։ 

Համերգը տեղի է ունենալու գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և իրականացվում է 1900+ նախագծի 15-ամյա հոբելյանի շրջանակում՝ բացառիկ հնարավորություն ընձեռելով հայ երաժշտասերներին ունկնդրելու վրաց կոմպոզիտորների ստեղծագործությունների հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ։

айк.jpg (71 KB)

«1900+ը հանգուցային ճանաչողական նշանակություն ունի։ 15 տարիների ընթացքում անդրադարձել ենք տարբեր ժողովուրդների մեր օրերի երաժշտությանը։ Մեզ շրջապատող իրականությունն այնքան հարուստ է. հարևան երկրի 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությունը հարազատ ու դյութիչ է, և ես անհամբերությամբ սպասում եմ ներկայացնել այն սիրելի երևանյան ունկնդրին»,-նշեց դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Համերգին ներկա է գտնվելու վրաց երիտասարդ և անվանի կոմպոզիտոր Լաշա Խարխելաուրին, ում գործն առաջին անգամ է կատարվելու Հայաստանում։ 



© NEWS.am STYLE