15:09 6 հունիսի, 2024Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արեւորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնում։ Օրերս փառատոնն ամփոփել է արդյունքները եւ բոլորին հայտնի են դարձել հաղթողները։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։
Փառատոնի շրջանակում մյուս անվանակարգերն ու հաղթողներն են․ Ջոն Բըրթոնի անվան մրցանակ, ֆիլմեր բնապահպանների մասին՝ «Իմ գողացված երկիրը», (ռեժիսոր՝ Մարկ Ուիզ, Գերմանիա), Կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանթյան պահպանության մասին՝ «Թռչունների արքա», (ռեժիսոր՝ Դարիա Ռազումնիկովա, Ռուսաստան), Ֆիլմեր երիտասարդների եւ երեխաների կողմից/համար բնապահպանության մասին՝ «Վտանգը վերեւից», (ռեժիսոր՝ Մարիամ Խայաթ, Սաուդյան Արաբիա)։
Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ «Բարձրանալով խորքից» ֆիլմի ռեժիսորը Մեթյու Ռիցն է։ Ֆիլմը լույս է սփռում օվկիանոսի խորքի եւ Երկրի վրա կյանքի պահպանման կապի կարեւորության վրա: Վավերագրական ֆիլմը նաեւ հետեւում է հանքարդյունաբերության ստարտափ «The Metals Company»-ին, քանի որ, այն ֆինանսավորում եւ հանրային աջակցություն է փնտրում ու ակնկալում թույըվություն՝ «Ծվի հատակի միջազգային մարմնի» կողմից՝ Խաղաղ օվկիանոսի հատակի լայն հատվածներ արդյունահանելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 24-28-ը Երեւանում կայացել է «Արեւորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որին մասնակից են դարձել տասնյակ բնապահպանական կազմակերպություններ, հարյուրավոր հյուրեր եւ նրանց բոլորին միավորել է մեկ գաղափար՝ անել առավելագույնը բնության պահպանության համար։ Այս տարի Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 30 ֆիլմեր աշխարհի տարբեր ծայրերից, գործել են մի քանի ակտիվ աշխատարաններ եւ ցուցահանդեսներ։ Մայիսի 28-ին ամփոփվել են փառատոնի արդյունքները եւ հայտարարվել հաղթող ֆիլմերը։