Հայկական handmade կոսմետիկան արդեն իրականություն է. Իրինա Շանոյանի աշխատանքները

13:33   13 հունվարի, 2014

Ձեռքի աշխատանքը, որն աշխարհում առավել հայտնի է handmade անվանումով, միշտ ավելի բարձր է գնահատվում: Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, բավական տարածված են ձեռագործ աշխատանքները: Սակայն եթե մինչ այս սովոր էինք տեսնել ձեռակերտ զարդեր, դիզայներական պարագաներ եւ այլ աքսեսուարներ, ապա այսօր արդեն կարող ենք ասել, որ Հայաստանում կան նաեւ handmade կոսմետիկ միջոցներ: Մասնագիտությամբ քաղաքագետ 24-ամյա Իրինա Շանոյանը ձեռքով անուշահոտ օճառներ եւ խնամքի այլ պարագաներ է պատրաստում: NEWS.am STYLE-ը զրուցել է նրա հետ՝ պարզելու համար, թե ինչու է որոշել նման գործով զբաղվել, ինչպես է սովորել եւ այլն:

Մեզ հետ զրույցում Իրինան նշեց, որ ընդամենը 6 ամիս է զբաղվում այս գործով: «Ինչո՞ւ հենց կոսմետիկ միջոցներ» հարցին Իրինան դժվարանում է պատասխանել. «Շատ պատահական ստացվեց. միտքը ծնվեց, որոշեցի իրագործել:

Սկսել եմ օճառից, արդյունքում պատրաստում եմ նաեւ քսուքներ, սքրաբեր, յուղեր, բալզամներ, դիմակներ, անգամ չոր օծանելիք»,- ասաց նա:

Իրինան ասում է, որ կոսմետիկ միջոցների պատրաստման եղանակը սովորել է իր քիմիկոս տատիկից, գրքեր է կարդացել, նաեւ համացանցից է օգտվում եւ, իհարկե, շարժում է երեւակայությունը: «Պատրաստման եղանակները տարբեր են՝ սկսած դասական օճառ եփելուց, որը բավական բարդ գործընթաց է, մինչեւ հասարակ հնարքները, որոնց համար պետք է տիրապետել հատուկ նրբությունների»,- պարզաբանում է Իրինան:

Իրինայի խոսքով՝ օգտագործում է բացառապես բնական նյութեր. բուսայուղեր, համեմունքներ, բույսեր եւ բնական այլ բաղադրիչներ, որոնք Հայաստանում դժվար է գտնել: Որոշ նյութեր արտասահմանից է գնում:

Ինչ վերաբերում է եկամտին. Իրինան նշեց, որ իր գործին վերաբերում է որպես արվեստի, այլ ոչ որպես բիզնեսի: Մրցակցության մասին էլ չի մտածում: «Հայաստանում ամեն նոր բան միանշանակ չի ընդունվում, եւ շատերը նախապատվությունը տալիս են պատրաստի արտադրանքին, մանավանդ որ այն որոշ դեպքերում ավելի մատչելի է»,- հավելեց նա՝ միաժամանակ նշելով, որ արդեն մշտական գնորդներ ունի:



© NEWS.am STYLE