Ատոմ Էգոյանը, Թարսեմ Սինգխը, Կուստուրիցան, Արտավազդ Փելեշյանը եւ այլ հայտնիներ՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված նոր վավերագրական ֆիլմում

15:05   19 հունիսի, 2024

Երեւանյան հանդիսատեսին շուտով կներկայացվի մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված նոր վավերագրական ֆիլմ՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է, որը հանդիսանում է նաեւ սցենարիստն ու պրոդյուսերը։ NEWS.am STYLE-ը ռեժիսորի հետ զրուցել է առաջիկա վավերագրության մանրամասների շուրջ։ Ըստ նրա՝ սպասվող աշխատանքը Փարաջանովին նվիրված դասական կենսագրական ֆիլմ չէ, «ավելին՝ կան շատ ֆիլմեր, որոնց միջոցով ավելի շատ կարելի է ծանոթանալ Փարաջանովի կենսագրությանը եւ աշխատանքներին, սակայն այս ֆիլմն անցյալը կապում է ներկայի հետ»։

0273d26d-c9cd-4e6f-a8cb-8b1a687e2138.jpg (233 KB)

«Մինչեւ 17 տարեկան մեծանալով Հայաստանում՝ ծանոթ էի Սերգեյ Փարաջանովին (պայմանավորված էր ընտանիքիս՝ նրա հանդեպ ունեցած մոտեցմամբ): Հետաքրքիրն այն է, որ տարբեր երկրներում ապրելով՝ Փարաջանովն անընդհատ «հայտնվում» էր իմ կյանքում: Ինչ վերաբերում է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմին, ապա նշեմ, որ այնպես է ստացվել, որ ինչպես ֆիլմի խաղարկային հատվածում հերոսուհին թողնում է իր բնակավայրը, այնպես էլ ես՝ 2020-ից հետո չէի կարողանում ապրել Մոսկվայում: Երբ արդեն Երեւանում ծանոթներիս ուղեկցում էի Փարաջանովի տուն-թանգարան, մի պահ կանգնեցի Փարաջանովի «Երեք ազգերի զավակ» ինքնանկարի դիմաց, ինչ-որ մի բան տեղի ունեցավ ներսումս: Այն, ինչ ինձ խանգարում էր, եկավ աչքերիս առաջ, սկսեցի մտածել, թե որքան տաղանդավոր մարդիկ իրենց տաղանդը «փոխանակում» են՝ դառնալով քաղաքական բլոգեր: Տեսնելով ինքնանկարը՝ հասկացա, թե խորհրդային տարիներին Փարաջանովը որքան դժվարությունների միջով է անցել, սակայն հավատարիմ է մնացել իր գործին. իսկական հանճար էր: Հասկացա նաև, որ ցանկանում եմ այս մեսիջը տեղ հասցնել իմ ֆիլմի միջոցով»,-պատմեց նա:

7edac94a-1351-49aa-946d-c2ca4b6b60da.jpg (26 KB)

Ռեժիսորը հավելում է՝ երբեմն ֆիլմն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս է պատասխաններ: «Թեպետ ինքս ստացել եմ ինձ հուզող պատասխանը, սակայն այս ֆիլմի միջոցով շատ հարցեր եմ բարձրացնում, որոնց պատասխանում են մեր ֆիլմի հերոսները: Հավելեմ, որ ֆիմն ունի շատ բարդ կառուցվածք. առաջին հատվածում հերոսների հետ վերհիշում ենք Փարաջանովին, որոնցից շատերն իր ընկերներն են եղել, բայց, իհարկե, կան հերոսներ, որոնք անձամբ չեն ճանաչել Փարաջանովին, սակայն վերջինս ոգեշնչել է նրանց, օրինակ ծառայել: Այս ֆիլմոմ շեշտադրում ենք Փարաջանովի՝ օրինակ ծառայելու գաղափարը»:

5945932d-8112-40a8-b77d-5eb6a58c3ab8.jpg (51 KB)

Ֆիլմը թե իր հերոսներով, թե նկարահանումներով միջազգային է ստացվել: Այն հայ-ֆրանսիական արտադրություն է՝ Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Լատվիայում, Գերմանիայում եւ Սերբիայում: Ֆիլմի հերոսների ցանկն էլ բաղկացած է միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր դեմքերից՝ Ատոմ Էգոյան, Թարսեմ Սինգխ, Էմիր Կուստուրիցա, Չուլպան Խամատովա, Ջոել Կապրոն, Ալի Խամրայեվ, Լորա Գուերրա, Լեւոն Աբրահամյան, Արտավազդ Փելեշյան:

c8a6fe2e-72aa-4d9d-ad05-ecb2e99bade4.jpg (26 KB)

«Առանց ավելորդ համեստության՝ պետք է փաստեմ, որ այս ֆիլմն իսկապես շատ միջազգային է դարձել, առանց խորհրդային հետքի, որը բնորոշ է Փարաջանովին նվիրված ֆիլմերին: Շատ եմ ցանկանում երկու մարդու մասին խոսել, որոնք եթե չհավատային այս նախագծին, ոչինչ չէր ստացվի: Նախքան պրոդյուսեր Անի Որսկանյանին հանդիպելը հենց այդպիսի մարդ էի փնտրում, ով կլինի եւ պրոֆեսիոնալ, եւ կունենա գաղափար: Առանց նրա չեմ կարծում, որ այս ֆիլմը կլիներ: Ինչպես նաեւ ցանկանում եմ խոսել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի մասին, ով և մոտիվացնում էր, և օգնում էր: Հենց նա մեզ ծանոթացրեց ֆիլմի համապրոդյուսեր  Ստեֆան Ժյուրդեն հետ: Շուշանիկ Միրզախանյանն իսկապես  աշխատում է ֆիլմ արտադրողի համար՝ աջակցելով նրան: Ես միայնակ չեմ եղել, բոլորս աշխատել ենք մեծ նվիրումով եւ հավատով: Պատկերի հեղինակ Նորայր Կասպերի շնորհիվ էլ ֆիլմը ստացանք հենց այնպիսին, ինչպիսին պատկերացնում էի: Նորայրը պատկերի հեղինակն է: Շատ երկար էի նրան փնտրում, ինձ համար կարեւոր էր, որ ֆիլմի պատկերի հեղինակը լիներ ինտելեկտուալ մեկը, ով ծանոթ կլինի այդ  իրականության հետ, կունենա հայկական արմատներ՝ միջազգային մտածողություն: Մեծ աշխատանք է կատարել նաեւ ֆիլմի երկրորդ օպերատոր Նարեկ Մարտիրոսյանը: Հենց այս եւ ֆիլմի ստեղծագործական մյուս անդամների շնորհիվ ստացանք այն, ինչին այդքան հավատում էինք: Ֆիլմը միջազգային է, առհասարակ, Փարաջանովն ինձ համար խորհրդային փշալարերից դուրս գործիչ էր, հետեւաբար՝ նրան նվիրված ֆիլմն էլ պետք է այդպիսին ստացվեր»,-նշեց Զառա Ջյանը՝ հավելելով, որ այնտեղ նաեւ միստիկ մի բան կա․ հերոսները երբեմն նույնիսկ պատահականությամբ հայտնվում էին հենց այնտեղ, որտեղ պետք է նկարահանումներ տեղի ունենային:

d5924f7e-32ca-4f52-97a9-e494e4eba01b.jpg (63 KB)

fa9f2fde-92f3-4684-98c3-bbe7e6203c3c.jpg (38 KB)

Ֆիլմի ստեղծագործական կազմը նախատեսում է փառատոններին ակտիվ մասնակցություն, սակայն նախքան դա՝ հուլիսի 8-ին, տեղի կունենա երեւանյան պրեմիերան, ինչի առիթով նախատեսվում է մի շարք հեղինակավոր հյուրերի ժամանումը Հայաստան:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE