Էմի Ուայնհաուս. AliExpress-ի  տարբերակը կամ «Back to Black» կինոժապավենը

19:43   23 հունիսի, 2024

Գարնան ամենասպասված ֆիլմերից մեկը ձախողվեց կինոշուկայում և չհայտնվեց բազմաթիվ երկրների մեծ էկրաններին: «Վերադարձ խավար» (Back to Black) կինոնկարի սյուժեն նվիրված է հանրահայտ երգչուհու ուղու սկզբին․ 2000-ականներին  Էմի Ուայնհաուս անունը դեռ նոր էր ճանաչելի դառնում: Առաջին ալբոմը նրան մեծ հաջողություն է բերում։ Միաժամանակ նա հանդիպում է իր սիրուն, և այդպես սկսվում է նրա կյանքի դրաման։

Քիչ դերակատարումներ ունեցող երիտասարդ դերասանուհի Մարիսա Աբելան է մարմնավորել  հերոսուհուն։ Դերասանուհու երիտասարդ տարիքը լավ է համակցվում Էմիի հանդուգն բնավորության հետ, սակայն նրա խաղը որոշ չափով միակողմանի է թվում, բացի այդ էլ միակ բանը, որը միավորում է նրան երգչուհու կերպարի հետ, թերևս, դիմահարդարումն է։ Կարծում եմ, որ հասուն դերասանուհին ավելի լավ կխաղար այս դերը, քանի որ Էմիի անհատականությունը հեռու է ինֆանտիլությունից ու միամտությունից և շատ ավելի բազմակողմանի է, կրքոտ ու ազատասեր։

Իհարկե, Աբելան փորձել է պատկերել Էմիի անզուսպ և էքսցենտրիկ բնավորությունը, բայց դրանք հաճախ գրոտեսկային տեսարաններ են, որոնք ինքնին  չափազանցված են:

Հետաքրքիր է, որ ֆիլմում Աբելան ինքն է երգում Էմիի երգերը, ինչը որպես կինեմատոգրաֆիկ քայլ բավականին լավն է, բացի այդ դերասանուհին լավ ձայն ունի, սակայն ակնհայտ է, որ Էմիին նվիրված ֆիլմում  պետք է հնչեր նրա ձայնը, այլ ոչ թե դրա նմանակումը։

Ֆիլմը նկարահանվել է անհաջող, ոչ հմտորեն, հապշտապ և, ասես, երգչուհու ջերմեռանդ երկրպագուի կողմից։ Հուզականությամբ և դինամիկայով լի ժապավենում, այդուհանդերձ  բացակայում է հենց Էմին, նրա տաքարյուն բնավորությունն ու կրքոտությունը: Իսկ Մարիսա Աբելան որոշ դրվագներում խիստ անհամոզիչ է։

Այս ամենը ֆիլմին տալիս է սիրողական հմայք, որը կարելի է նայել մեկ անգամ երեքշաբթի օրվա ձանձրալի երեկոյան: Ի դեպ,  այդպես էլ ստացվել է, սակայն լեգենդար երգչուհուն նվիրված լինելու պատճառով ֆիլմից ավելի շատ ակնկալիքներ կային, որոնք չարդարացվեցին։

Ռեգինա Մելիքյան

 



© NEWS.am STYLE