Աշխարահռչակ կոմպոզիտոր Պենդերեցկին՝ Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված իր ստեղծագործության եւ հայ երաժիշտների մասին

16:01   13 հունվարի, 2014

Հայկական ծագում ունեցող աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին մտադիր է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երգչախմբի համար ստեղծագործություն գրել: Այս մասին կոմպոզիտորը հայտնեց այսօր՝ հունվարի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 15-րդ համերգաշրջանի բացման շրջանակում Պենդերեցկու 80-ամյակին նվիրված համերգաշարին: Այն տեղի է ունենալու հունվարի 13-16-ը:


«Այժմ պատրաստվում եմ երգչախմբի համար հայկական սաղմոսների տեքստի հիման վրա ստեղծագործություն գրել, որը նվիրված կլինի Հայոց Ցեղասպանության զոհերին»,- ասաց կոմպոզիտորը՝ հավելելով, որ նախկինում արդեն գրել է հայկական թեմայով ստեղծագործություն:  

Կոմպոզիտորի խոսքով, երրորդ անգամ է այցելում Հայաստան եւ չափազանց ոգեշնչված է երկրում ավանդույթ դարձած իր Օրերի անցկացման կապակցությամբ:

«Սա իմ երրորդ այցն է Հայաստան: Շատ լավ հիշում եմ բոլոր փառատոնները եւ իմ երաժշտության՝ բարձրագույն պրոֆեսիոնալիզմով տարբերվող կատարումները: Հուսով եմ, որ շարունակական բնույթ կկրի»,- ասաց Պենդերեցկին:

Նա նաեւ իր հիացմունքը հայտնեց հայ երաժիշտներով՝ հատկապես առանձնացնելով «Հովեր» հայկական երգչախմբի կատարողական բացառիկ վարպետությունը: Իր հերթին կոմպոզիտորի կինը՝ «Լյուդվիգ Վան Բեթհովեն» հիմնադրամի նախագահ Էլժբիետա Պենդերեցկին, բարձր գնահատեց նաեւ Հայաստանի Երիտասարդական եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, որոնք մշտապես տարբերվել են մաեստրոյի ստեղծագործությունների կատարման բարձր որակով:

Կոմպոզիտորը հայ լրագրողներին պատմեց նաեւ իր հայկական ծագման մասին: Նրա խոսքով, իր տատիկն Իրանից Լեհաստան տեղափոխված հայուհի էր, եւ նրանք միասին այցելում էին Կրակովում գտնվող հայկական եկեղեցի:

Տիկին Էլժբիետան էլ հայտնեց, որ իրենք շատ կապված են Լեհաստանի հայ համայնքի հետ, իսկ իրենց դուստրը հայկական աչքեր ունի, ինչը, անշուշտ, կփոխանցվի սերնդե սերունդ: Ժամանակակից աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է փաստաբանի ընտանիքում՝ 1933 թվականի նոյեմբերի 23-ին, Դեմբիցա քաղաքում: Հայտնի է, որ կոմպոզիտորի նախնիները եղել են ազգությամբ լեհ, գերմանացի, ուկրաինացի եւ հայ:

Պենդերեցկին դեռեւս մանուկ տարիքից սկսել է ջութակ եւ դաշնամուր նվագել: 1955թ. տեղափոխվել է Կրակով՝ երաժշտական կրթություն ստանալու նպատակով: Որպես կոմպոզիտոր առաջին անգամ հաջողություն է ունեցել 1959 թվականին՝ Լեհ կոմպոզիտորների միության կողմից կազմակերպված Կոմպոզիտորների համալեհական մրցույթին, որի ժամանակ Պենդերեցկին ներկայացրել է իր ստեղծագործություններից մի քանիսը: Կոմպոզիտորի ստեղծագործ ուղին տարբերվում է բազմազանությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով եւ, միաժամանակ, այն մատչելի է նաեւ մեծ լսարանի համար: Նրա ստեղծագործությունների ցանկում կան օպերաներ, սիմֆոնիաներ, կամերային եւ լարային նվագախմբերի համար ստեղծագործություններ, ջազային եւ նույնիսկ էլեկտրոնային երաժշտություն:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտնի է որպես Հայաստանում տեղի ունեցող վառ երաժշտական իրադարձություն: Դրա շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում ելույթ են ունեցել աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ ու կոլեկտիվներ, ինչպիսիք են The King’s Singers-ը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Դմիտրի Խվորոստովսկին, Ալեքսեյ Լյուբիմովը, Գորան Բրեգովիչը, Ջո Կոկերը, Պլասիդո Դոմինգոն եւ այլք: Փառատոնը անցկացվում է երկրի նախագահ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: 


Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE