Դիմահարդարման նորաձեւ միտումները՝ ըստ Ագա Քանքանյանի

15:42   14 հունվարի, 2014

2014 թվականի գլխավոր նորաձեւ միտումների մասին խոսելիս անհնար է շրջանցել կանանց լրացուցիչ փայլ եւ գրավչություն հաղորդող այնպիսի միջոց, ինչպիսին դիմահարդարումն է: Ինչպես հագուստն ու աքսեսուրաները, դիմահարդարումը նույնպես ենթարկվում է նորաձեւության կանոնների: NEWS.am STYLE-ը զրուցել է հայտնի դիմահարդար-ոճաբան Ագա Քանքանյանի հետ եւ պարզել, թե որոնք են այս տարվա նորաձեւ գույները դիմահարդարման մեջ:

«Այս տարվա գլխավոր գույներն են. ստվերաներկի պարագայում` մուգ կանաչը, մուգ մանուշակագույնը, մուգ կապույտը, ալ կարմիրը, իսկ տոնային կրեմները պետք է օգտագործել ըստ մարմնի գույնի` ոչ բաց, ոչ մուգ»,- ասաց մասնագետը` հավելելով, որ այս տարի շատ արդիական են փայլերը:

«Երեկոյան դիմահարդարումը կարող է լինել ե’ւ փայլերով, ե’ւ նուրբ: Եթե չենք ընդգծում աչքերը, շրթներկը կարող է ավելի վառ լինել, չնայած այս տարի արդիական են ե’ւ մուգ աչքերը, ե’ւ մուգ շրթներկը»,- նշեց Ագա Քանքանյանը:

Խոսելով շատ աղջիկների կողմից առօրյայում արվող սխալ դիմահարդարման մասին՝ Ագա Քանքանյանը նշեց, որ տարեցտարի երեւում է, որ հայ աղջիկները սկսել են ավելի ճիշտ շպարվել, բայց նշեց նաեւ սխալները: «Օրինակ` երբ աղջիկները իմանալով, որ արդիական են փայլերը, սկսում են չափից շատ օգտագործել այդ կամ շատ գույներ օգտագործել դեմքի վրա»,- նշեց նա:

Ըստ Ագա Քանքանյանի՝ գրագետ դիմահարդարումն այն է, երբ տարբերվում են առօրյան եւ տոնական օրերը:



© NEWS.am STYLE