15:25 7 հուլիսի, 2024Կանայք՝ երգերում: Ինչպիսի՞ն է կինը, ինչերի՞ միջով է անցնում, ինչերի՞ դիմակայում, ինչպիսի՞ մայր է դառնում, ինչպե՞ս է պայքարում կյանքի դժվարությունների դեմ եւ ուժ ձեռք բերում: Օրերս «Լոֆթ»-ում կայացավ երեկո՝ նվիրված բացառապես կանանց: «Կանանց զորեղացում երգերով եւ արվեստով» խորագրի ներքո ներկայացված էին 5 հայ երգահաններ, որոնք իրենց ստեղծագործություններում պատմում էին կնոջ, մոր, ընկերոջ մասին:

Երեկոյի ընթացքում հնչեցին Անուշ Ալեքսանյանի «Դու կարող ես», Գայանե Կեսոյանի «Իմ ապաստան», Էվա Ոսկանյանի «Աշնան հեքիաթ», Լիլիթ Բլեյանի «Իմ անունը ձեր գրքերում», Լիլիթ Համբարձումյանի «Իմ հրեշտակ» երգերը: Միջոցառման հանդիսավարը Էվա Ոսկանյանն էր, որն իր երգում պատմում էր բաժանումից հետո իրեն վերգտնելու մասին: Կոմպոզիտորներին կանանց զորեղացման շուրջ համախմբել էր ծրագրի հեղինակ եւ նվիրատու Վիկտորիա Տեր-Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը կոչված է փոփոխություն մտցնելու հայ կանանց կյանքում եւ օգնելու կառուցել ներառական եւ վստահության վրա հիմնված հասարակություն:

Ծրագրին մասնակցող երգահաններին ընտրելու համար նախապես հայտարարվել էր մրցույթ, նրանք անցել են հատուկ թրեյնինգներ, գրվել է մոտ 20 երգ, որոնցից հաղթել են վերը նշված 5-ը: Երգերն արտադրվել ու ստեղծվել են Վիկտորիա Տեր-Նիկողոսյանի նվիրատվությամբ: «Սրանք կանանց զորեղացման մասին երգեր են՝ կանանց միջեւ ընկերության մասին, որը եւս բանալի է կանանց զորեղացման համար, կան հաղորդագրություններ ուղղված նրան, որ կինը պետք է ինքնավստահ լինի, քանի որ ինքն է որոշում իր երջանկությունը… նման երգեր գրեցին, հետո ես զբաղվեցի մենթորինգով, որպեսզի սովորեն՝ ինչպես իրենց ներկայացնեն, ու որոշեցինք այդ երգեը հավաքել ու ամփոփել այսպիսի միջոցառման տեսքով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակը:

«Կանանց զորեղացում երգերով եւ արվեստով» նախագիծը նպատակ ունի փոխելու կանանց մասին հայկական երգերի պատմությունը՝ նրանց ուժը փոխանցելով երգերի խոսքերի միջոցով: Վիկտորիա Տեր-Նիկողոսյանի խոսքով՝ այսօրվա տեղեկատվական միջոցների շնորհիվ երգերը բազմամիլիոնանոց լսարան ունեն, իսկ այդ լսարանն, իր հերթին, չափազանց ենթարկվող ու զգայուն է դարձել: Նախագծի շնորհիվ հեղինակները ցանկանում են թիրախային մեսիջներ փոխանցել՝ ոչ միայն բարձրացնելով լսարանի իրազեկությունը, այլեւ մարտահրավեր նետելով գենդերային ավանդական նորմերին ու դերերին:


Սյունե Առաքելյան