Ֆրանսիահայ ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյան. «Հուսով եմ՝ խմբիս հետ Հայաստան կայցելեմ. չէ՞ որ հայկական երաժշտությունն իմ մասնիկն է»

20:10   14 հունվարի, 2014

Ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանը, թողարկելով Mars անվանումով իր առաջին ալբոմը, դարձել է ֆրանսիական ջազային բեմի 2013 թվականի հայտնությունը: Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից Դան Ղարիբյանի դուստր Մաշան կատարում է երաժշտություն, որը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ֆոլկ, Ուիլյամ Բլեյք եւ Կոմիտաս:

Երգչուհին եւ կոմպոզիտորը ստեղծագործական գործունեությամբ հարգանքի տուրք է մատուցում իր արմատներին: Մաշան հունվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի հանդիսատեսին է ներկայացրել իր ստեղծագործությունները, որոնք անցյալ տարի նվաճել են ջազի սիրահարներին: Դաշնակահարուհին նյույորքյան հայտնի երաժիշտներ Ջեյսոն Մորանի, Գրեգ Տեբորնի եւ Ռալֆ Ալեսիի հետ շարունակելու է երաժշտական ճամփորդությունը՝ ընդգրկելով Արարատ լեռն ու Բրուքլինի մթնոլորտը: NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում Մաշան պատմեց իր, հայկական արմատների եւ ստեղծագործական ծրագրերի մասին:

Մաշա, փոքր-ինչ պատմեք Ձեր մասին

Ես ծնվել եմ Ֆրանսիայում, հայկական արմատներ ունեմ, քանի որ հայրս հայ է: Մանկության տարիներից հայկական երաժշտությունն ինձ հոգեհարազատ է, ինչը, բնականաբար, հետագայում հսկայական ազդեցություն է ունեցել իմ ստեղծագործությունների վրա: Ես մեծացել եմ որպես դասական երաժշտություն կատարող դաշնակահարուհի: Նաեւ երգում էի, խաղում թատրոնում: Մի պահ որոշեցի ինձ համար ինչ-որ նոր բան բացահայտել եւ մեկնեցի Նյու Յորք: Այնտեղ ծանոթացա բավական ինքնատիպ երաժիշտների հետ, եւ աստիճանաբար ջազը ներխուժեց իմ երաժշտություն:

Ձեր հայրն ու նրա երաժշտությունն ի՞նչ ազդեցություն են ունեցել Ձեր ստեղծագործության վրա:

Հայրս եւ Bratsch խումբն ազդեցություն ունեցել են իմ ստեղծագործական գործունեության վրա, քանի որ նրանք ինձ ցույց տվեցին, թե ինչպիսի անհավանական երաժշտություն կարելի է ստեղծել տարբեր երաժշտությունների եւ տարբեր ոճերի խառնուրդից: Մանկությունից ես սովոր եմ եղել նման հագեցած ու խառը կենսակերպին. տարբեր մշակույթներ, լեզուներ, ոճեր: Այս ամենն ինձ համար ինչ-որ առումով սովորական է դարձել: Հարկավոր է բաց լինել աշխարհի առջեւ, ինչը յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս նաեւ փոխանցել իր մասնիկը, իր մշակույթը, ինչպես նաեւ ճանաչել մյուսներին: Հայկական երաժշտությունն իմ մասնիկն է: Ես նվագել եմ հորս հետ: 2006թ. մենք եկանք Երեւան, եղանք նաեւ Գյումրիում, Իջեւանում:

Իսկ ինչպե՞ս ծնվեց նյույորքյան ջազն ու հայկական մեղեդիները միավորելու գաղափարը: 

Գաղափարն ինքն իրեն ծնվեց: Ես հայկական ֆոլկ էի նվագում, բայց, միաժամանակ, որեւէ արդիական բան էի փնտրում: Ժամանակի ընթացքում ամեն ինչ ինքնաբերաբար, բնական ստացվեց: Ինձ վրա ազդեց ժամանակը, ինչպես նաեւ ծանոթությունն այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են կիթառահար Դավիթ Պոտո-Ռազելը եւ թմբկահար Ֆաբրիս Մորոն: Ստեղծագործելիս ես չեմ մտածում, թե ինչ ոճի երաժշտություն եմ ստեղծում կամ ինչ ուղղության եմ հարում: Ես ինձ եւ իմ ստեղծագործությունները շրջանակի մեջ չեմ դնում: Մինչեւ իմ առաջին՝ Mars ալբոմը ստեղծելը, ինքս ինձ հարցրեցի, թե ինչպե՞ս եմ կարողանալու միավորել իմ բոլոր երաժշտական ցանկություններն ու փորձարկումները: Բայց արդեն ձայնագրման ստուդիայում ամեն ինչ բնական հունով ընթացավ:

Մաշա, ինչո՞վ եք ուրախացնելու ձեր երկրպագուներին, երբ Հայաստան այցելեք:

Մենք համերգային ծրագրով շրջում ենք Ֆրանսիայում, ներկայացնում եմ իմ նոր ալբոմը, իսկ վերջերս Ալժիրում մասնակցեցինք երաժշտական մի փառատոնի: Հուսով եմ՝ մոտ ապագայում իմ խմբի հետ կայցելեմ նաեւ Հայաստան: Ներկայում մի քանի նախագիծ ունեմ, որոնք ջազը միավորում են տարբեր էթնիկ երաժշտության հետ: Ինչ վերաբերում է Փարիզում կայացած վերջին համերգին. հիասքանչ հանդիսատես էր, ինձ ջերմորեն ընդունեցին, ես ունկնդիրներին ինձ հետ «աշխարհով մեկ ճամփորդության» տարա: Համերգը հեռարձակվում էր France Musique հեռուստաալիքի ուղիղ եթերում:

 

Զրուցեց Պարույր Սինյավսկին



© NEWS.am STYLE